ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականի դիմումից 4 օր անց՝ այսօր, հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ 2018-ի հոկտեմբերին ԱԳՆ մամուլի քարտուղար նշանակված Աննա Նաղդալյանը:
Նաղդալյանը շնորհակալություն է հայտնել ԶԼՄ ներկայացուցիչներին, ԱԳՆ գործընկերներին ու իր թիմին այս դժվարին եւ պատասխանատու ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության ու աջակցության համար եւ հավելել, որ շարունակելու է աշխատանքը դիվանագիտական ծառայությունում։
Նա իր հանդեպ ցուցաբերած վստահության համար առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել նաեւ Արա Այվազյանին եւ Զոհրաբ Մնացականյանին։ «Մեծ պատիվ էր աշխատել նման փորձառու եւ հայրենասեր դիվանագետների հետ»,- նշել է Աննա Նաղդալյանն իր ֆեսյբուքյան էջում:
Նշենք, որ 4 օր առաջ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել նաեւ փոխարտգործնախարարի պաշտոնակատար Գագիկ Ղալաչյանը, որն այդ պաշտոնում նշանակվել էր նախորդ տարվա դեկտեմբերի վերջին։