ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար հայտ են ներկայացրել նախատեսվածից ավելի շատ կուսակցություններ։
ԿԸՀ նախագահն ասել է, որ 2012-ից ի վեր նման մեծ թվով կուսակցությունների մասնակցություն չի հիշում եւ հավելել, որ դրա պատճառով ծախսերը կավելանան, անհրաժեշտ կլինի ավելի շատ քվեաթերթիկներ տպագրել եւ հոգալ դրանց տեղափոխման հարցերը:
«Մի բան է, երբ նախապատրաստվում է, օրինակ, 40 միլիոն քվեաթերթիկ, մեկ այլ բան, օրինակ՝ 70 միլիոնից ավելի»,- նշել է Մուկուչյանը:
Ըստ գործող Ընտրական օրենսգրքի՝ յուրաքանչյուր կուսակցության համար կտպագրվի առանձին քվեաթերթիկ: Ընտրատեղամասում ընտրողը կստանա 26 քվեաթերթիկ, իր նախընտրած կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկը կդնի ծրարի մեջ եւ կգցի քվեատուփը: