Մեկ տարում մարդկությունն օգտագործում է շուրջ 5 տրիլիոն պլաստիկե տոպրակ, դրանց 70%-ը հայտնվում է բնական էկոհամակարգերում, 350 մլրդ պլաստիկե տոպրակ հայտնվում է հողում, 20 մլն-ը՝ օվկիանոսում, մինչդեռ դրանց քայքայման համար ավելի քան 500 տարի է պահանջվում:
Այս շեշտադրումներն են այսօր արվել շրջակա միջավայրի նախարարությունում «Կենսաքայքայվող տոպրակների կիրառման հնարավորությունները ՀՀ-ում» խորագրով քննարկման ժամանակ:
Քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, նախարարության աշխատակիցներ, ինչպես նաեւ պոլիէթիլենային տոպրակ արտադրող ընկերությունների, կենսաքայքայվող տոպրակների կամ կենսաքայքայվող հումքի արտադրություն կամ ներմուծում իրականացնող կազմակերպությունների, առեւտրի կետերի ու հանրախանութների ներկայացուցիչներ։
Հաշվի առնելով, որ պոլիէթիլենային տոպրակները շրջակա միջավայրի աղտոտման հիմնական տարրերից են՝ քննարկվել են դրանց օգտագործման նվազեցման եւ արգելման հարցերը։
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից կարգելվի մինչեւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը, ինչպես նաեւ դրանց անվճար տրամադրումը խանութներում, տարաբնույթ առեւտրի կետերում, բացօթյա առեւտուր իրականացնելիս։
Արգելքը չի վերաբերում կշռափաթեթավորման համար նախատեսված տոպրակներին եւ երկրորդային հումքից արտադրված տոպրակներին։
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։