-Բարեւ ձեզ, ես Աննա Յակովի Ալթունյանն եմ Արցախից։ Ծննդավայրս Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղն է։
Մեծ Թաղերը նախկինում կրել է Կաժ անունը։ 18-րդ դարում գյուղը եղել է Խամսայի մելիքություններից Վարանդայի մելիքության կազմում։ Գյուղի հարավային մասով անցնում է Արաքսի ձախ վտակը՝ Իշխանագետը։ Գյուղը չորս կողմից շրջապատված է անտառապատ լեռներով։
Ես ծնվել եմ 2010 թվականին եւ հաճախել եմ «Սոսե» անունով մանկապարտեզ (որը հիմնվել է 2000 թվականին), այնուհետեւ՝ մարշալ Արմենակ Խանփերյանցի անունը կրող միջնակարգ դպրոց, բայց, ցավոք, պատերազմի պատճառով կրթությունս կիսատ մնաց (վերջին օրը, որ անցկացրի դպրոցում, սեպտեմբերի 26-ն էր), ու նաեւ հուշ դարձան դպրոցում անցկացրած իմ չորս տարիները։
Իմ ընտանիքը բաղկացած է հինգ հոգուց։ Հայրս Արցախյան առաջին պատերազմի վիրավոր է, մայրս՝ տնային տնտեսուհի, քույրս ԱրՊՀ-ի 4-րդ կուրսի ուսանողուհի է, իսկ եղբայրս Հայաստանի ագրարային համալսարանում է սովորում։ Այժմ ժամկետային զինծառայող է ու նաեւ մասնակցել է Արցախյան երկրորդ պատերազմին որպես հրետանավոր։
Ես շատ եմ սիրում մեր գյուղը, այն տարվա բոլոր եղանակներին յուրահատուկ գեղեցկություն ունի։ Գյուղը շրջապատված է լեռներով, եկեղեցիներով ու մի շարք սրբավայրերով։ Մենք ամեն տարի դասընկերներով այցելում ենք սրբավայրեր, հիշում եմ, թե ինչպես էինք քեֆ կազմակերպում, որոշում, թե ով ինչ է վերցնելու տնից։ Մեր գյուղից շատ գեղեցիկ է երեւում նաեւ Տողասարը (Գտչավանքը)։ Ես շատ էի ուզում բարձրանալ ու մոմ վառել եկեղեցում։ Մի օր էլ հայրիկս իր ընկերների հետ որոշեց բարձրանալ Գտչավանք։ Ես գիտեի, որ նրանք հաստատ ինձ չեն տանի, բայց քանի որ շատ էի ուզում, որոշեցի նրանց համոզել․
-Պապ, հե պապ, լավ լի, ես էլմ ուզիս կյամ, լավի, ինձ էլի տարեք։
-Աննա բալա, եք տըս հինչմ ըսես, պեր էս դոնումը տանը կաց, մի էրուշ վախտ քեզ էլ, մամուն էլ, Մարիամին էլ, յորնքունան քինինք ընդղ հաց ուտինք, մհենգ էլ մունք լհանդի քիսնք, կյանք։
-Ադե, պապ, լավ լի, տու ինձ ասալս՝ տնանմ, համ էլ ես էսա մամուն ասիմ հաց պաներ տա, տանինք ընդեղ, օտինք։
Ես լացելով մտա մեքենա, որոշեցի դուրս չգալ ու բարձրացա Գտչավանք։
Հիշում եմ, թե ինչ ոգեւորությամբ էինք գնում մեր խաղողի այգին։
-Պապ, պերլի էքուծ քինիքն բաղը քեֆ։ Ես, տու, մաման, Գրիգորին, Մարիամը, մըն էլ, թա օզիս, քու հնգր Էդո դադայը, քինինք պատառ դինջանանք, կյանք, համ էլ ես լիա մանուշակ կքաղիմ։
-Դե մամուն ասե, թա համաձայն ա, մի հավ մորթե, յորոնինք քինինք։
Ու մենք գնում էինք մեր խաղողի այգին քեֆի, ես ու քույրիկս մանուշակ էինք հավաքում, եղբայրս պապայի մեքենան էր վարել սովորում, դե, մաման էլ սեղանն էր պատրաստում։ Ու այսպես անհոգ ապրում էինք. երազում էի մեծանալ, ուսանող դառնալ քույրիկիս ու եղբորս պես եւ ամեն շաբաթ-կիրակի գնալ գյուղ։ Հիմա կարոտում եմ մեր գյուղը, մեր դպրոցը, իմ ընկերներին, իմ ուսուցիչներին, դպրոցի միջոցառումները, որոնց ակտիվ մասնակցում էի։ Առաջին միջոցառման գլխավոր դերակատարը ես էի՝ «ծաղկի» դերում։ Այո՛, ես 10 տարեկան եմ ու նման շատ հուշեր ու պատմություններ կարող եմ պատմել մեր ընտանիքի ու իմ գյուղի մասին։ Ես նաեւ տեսել ու լսել եմ պատերազմի մասին։
Առաջին պատերազմի մասին լսել եմ հայրիկից, Ապրիլյանի մասին լսել են բոլորը, իսկ երրորդը տեսել եմ։ Տեսել եմ, թե ինչպես առավոտյան տարբեր գյուղերի ընտանիքներ էին գալիս մեր գյուղ ու ասում էին, որ մեր գյուղը ապահով է, ու մենք մեծ սիրով հյուրընկալում էինք բոլորին։ Հիշում եմ, թե ինչպես էինք սնունդ պատրաստում զինվորների համար ու ուղարկում դիրքեր։ Մայրիկս ու տատիկս վերջին օրերին գյուղի մի խումբ կանանց հետ հաց էին թխում, քանի որ քաղաքում լույս չկար, որ հաց թխեին ու հասցնեին զինվորներին։
Մի հետաքրքիր հիշողություն էլ․ պատերազմի օրերին, երբ անօդաչու սարքերն անցնում էին գյուղի երկնքով, հայրս միշտ ասում էր․
-Աննա, վեր մնել սաս սկանաս վազ տալավ կքինիս կուխնին, ընդղ ապահով ա։
-Լյավ, պապա։
Երկրորդ անգամ ձայնից վազեցի ու մտա սենյակի մահճակալի տակ, քույրիկս կանչեց խոհանոցից․
-Աննա, շտղս։
-Էնմ կրվաթեն տակեն։
-Հինչալալ, Աննա, պապան ասալ չի՞ կքինիս կուխնի։
-Աաա՜․․․ հա է, դուզ ա, մնաս ընգալա, մհենգ տուսկյա՞մ։
Ու ես այսպես կարող եմ անսահման հետաքրքիր ու ծիծաղելի պատմություններ պատմել իմ մասին։ Ու ես հույս ունեմ, որ մի օր մենք կվերադառնանք մեր գյուղ ու մեր տուն։ Ճիշտ է, այնտեղ հիմա թուրքեր են մնում, բայց մենք նորից կզորանանք ու ետ կվերցնենք մեր գյուղը։
Ձեզ հետ կիսվեց փոքրիկ Աննան իր հուշերով։
«Վերադարձ դեպի Դիզակ» հասարակական կազմակերպությունը, Ալիք Մեդիան եւ «Անալիտիկոն» հանդեսը դիմել են Արցախի Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ երեխաների՝ առաջարկելով շարադրել հայրենի բնակավայրերի մասին իրենց հուշերն ու վերապրումները։ Ալիք Մեդիան ամենօրյա պարբերականությամբ կհրապարակի հադրութցի երեխաների շարադրությունները։ Հեղինակները կպարգեւատրվեն մրցանակներով եւ խրախուսական նվերներով։