Մենք դպրոցական ենք եղել եւ հիշում ենք, որ Միքայել Նալբանդյանի փիլիսոփայական հայացքների մասին խոսելիս ուսուցիչները նրանից մեջբերում էին «լեզուն մտքի հայտարարն է» ձեւակերպումը: Ասում են նաեւ, որ «ոճն ինքը մարդն է»: Եթե մարդու խոսքում գերիշխում է էքսպանսիան, ապա անհույս բան է նրանից կառուցողականություն, էլ չեմ ասում հանդուրժողականություն սպասել:
«Ազատություն» ռադիոկայանի լրագրողը օրերս առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանին հարցրեց՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ «թշնամի» եզրույթն ընդունո՞ւմ է: Հետեւեց շատ դիպուկ պատասխան. «Դա քաղաքական եզրույթ չէ»: Օրվա Հայաստանում դա նման է «ինքնասպանության»:
Այդ տեսանյութին շատ մեկնաբանություններ հենց այդ տրամաբանությամբ էլ արված էին, իբր, տեսնո՞ւմ եք՝ ՀԱԿ-ը Թուրքիան եւ Ադրբեջանը թշնամի չի համարում: Եվ երբ օրինակ բերեցի, որ ՌԴ արտգործնախարարը ԱՄՆ-ի մասին խոսելիս ասում է «մեր ամերիկյան գործընկերներ», բայց ոզնին էլ գիտի, որ Ռուսաստանը եւ Նահանգները գործընկեր չեն, հետեւեց, ռուսների ասած, մի словесный понос, որ միայն մի բան էր հաստատում. մենք դեգեներատ հանրություն ենք:
Այնքան, որ պետության փաստացի ղեկավարը քաղաքական ընդդիմախոսներին ասում է. «Ի՞նչ եք փակ սրահներում տղամարդլամիշ լինում, եկեք դեմ առ դեմ բանավիճենք»: Այս «մակարդակի» պերսոնան բանավեճի արժանի չէ: Նա ակնհայտորեն քաղաքական ֆիգուր չէ, դուրսպրծուկ է, պատահականություն, աղետ: Այլապես թշնամի երկրի առաջնորդի հետ բանավեճում Տիգրան Մեծի ժամանակներին հղում չէր անի: Որովհետեւ պիտի կարողանար ըմբռնել, որ թշնամու նպատակը հենց դա է՝ նենգափոխել ԼՂ-ի խնդիրը, մեզ աշխարհին ներկայացնել որպես «անհուսալի էքսպանսիոնիստ»:
Երբ դու տանուլ ես տալիս քաղաքակրթական դիսկուրսը, մնացած ամեն ինչ ընկալվում է իբրեւ «տրամաբանական հետեւանք»: Այսինքն՝ «դու ուզում էիր հարեւան երկրից տարածքներ պոկել, միացնել քեզ, որպեսզի մի որոշ չափով վերականգնեիր Տիգրան Մեծի իմպերիան, նա քեզ արժանի հակահարված տվեց, եւ հիմա պիտի լուռ հաշտվես իրերի նոր դրության հետ»:
Մոտավորապես սա է աշխարհի վերաբերմունքը քառասունչորսօրյա պատերազմին եւ մեզ համար դրա ողբերգական հետեւանքներին: Այս իրավիճակի համար մենք պատասխանատու ենք ավելի քան երկու տասնամյակ կուլտիվացված «ռամկական խոսքով»: Որովհետեւ երբ երկրի նախագահը ԵԽԽՎ-ում խոսում է հայերի եւ ադրբեջանցիների «գենետիկ անհամատեղելիությունից», աշխարհին ոչինչ չի մնում, քան մի կողմ քաշվել եւ սպասել, թե երկու «գլադիատորների» մենամարտն ում մահով կավարտվի:
Ով էլ փրկվի, աշխարհի կարիքն ունենալու է, լինելու է նրա գործընկերը: Ահա քաղաքական այս զգացողությունն է, որ վերստին պետության ղեկավարի աթոռին հավակնող՝ երկրորդ նախագահն ասում է, թե ռուսները հավանաբար մեզ խնայեցին եւ նոյեմբերի 9/10-ի Հայտարարությունը չանվանեցին «Անվերապահ կապիտուլյացիայի ակտ»:
Հասկանու՞մ եք, կարող էին, բայց չարեցին: Թեեւ մեզ հետ պատերազմում էր Ադրբեջանը: Ավելին պետք չէ: Սա քաղաքական կապիտուլյացիա է, անոնս, թե իր ընտրվելու պարագայում ինչ հարաբերություններ են լինելու Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռանկյան ներսում: Դա նույնիսկ պարտված երկրի խոսք չէ, որովհետեւ եթե կա, մնացել է արժանապատվության, ինքնության անգամ նվազագույն պաշար, ապա վաղը, հավանական այլ իրավիճակում, զսպանակի էֆեկտով կարող է բացվել բոլորովին այլ Հայաստան, հայ նոր իրականություն, հայ տաղանդի ֆենոմենալ պոռթկում:
Այդ հնարավորը, անհրաժեշտը բացառել նշանակում է կանխածրագրել զուտ անվանական Հայաստան եւ բացառապես «մի կտոր երշիկից երջանկության» գոյություն: Ինչն, ի դեպ, նաեւ դե ֆակտո իշխանությունն է խոստանում:
Մեզանում, ահա, քաղաքակրթական-քաղաքական մտքի եւ խոսքի ճգնաժամ է: Հայաստանի ֆենոմենը հետեւողականորեն կերպափոխվել է, իր խորհրդավորությունից զրկվել: Դժվար է միջին վիճակագրական հայ մարդուն բացատրել, որ կարելի է, հնարավոր է, դիցուք, Օսիպ Մանդելշտամի կամ Անդրեյ Բիտովի հասկացած Հայաստանը քաղաքական համերաշխության բերել, բայց դա չի նշանակում, թե Երեւան այցելած Անգելա Մերկելին պիտի տանեին ոչ թե Մատենդարան, այլ Հյուսիսային պողոտա:
Որ ի՞նչ:
Երբ Բաքվում «լոնդոնյան տաքսի» են առաջարկում զբոսաշրջիկին, որոշակի խնդիր փորձում են լուծել, որովհետեւ ինչքան էլ «Իչերի շեհերը» կառուցապատեն, քաղաքակիրթ աշխարհը գիտի, որ Շիրվան-շահերի իշխանապետությունը թուրքական չէ, թուրք ինքնության հետ կապ չունի, պարսկական է:
Մատենադարանը հայ է, հայկական: Հայ է Մանդելշտամի սիրած՝ խաղողի ծուռտիկ որթը, որ ձմռանը թաղում, գարնանը հողից կրկին հանում են: Տարածաշրջանի ոչ մի խաղող հայկականի պես չի մեռնում-հառնում: Եվ դա մի քանի հազարամյա քաղաքակրթություն է, որի հանդեպ եթե ծնրադիր հարգանք չունի, որեւէ մեկը չի կարող Հայաստանի առաջնորդ լինել: Կառավարիչ՝ այո, գուցե թե՝ անգամ լավ կառավարիչ, եթե Ռուսաստանն է խնայել եւ մեր պարտությունը կապիտուլյացիա չի անվանել:
Բայց Հայաստանն ունի Առաջնորդի պահանջ, առաջնորդող ԽՈՍՔԻ կարիք: Հայաստանը պետք է վերադառնա իր քաղաքակրթական ինքնությանը: Վերջին մի քանի տարվա կարդացածս ամենատպավորիչ բանաստեղծական խոսքի հեղինակը Վարդան Հակոբյանն է. Փոքր Մհերի ելքը Մատենադարանից է տեսնում:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։