ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ երեկ քննարկել է մայիսի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված 6 զինծառայողի իրավունքներին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ պատվիրակության արդեն իսկ ձեռնարկած անհրաժեշտ քայլերը:
Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ ինքն ու իր աշխատակազմը կապի մեջ են բոլոր 6 զինծառայողների ընտանիքների հետ:
ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ ՄԻՊ-ը քննարկել է նաեւ մայիսի 27-ից առաջ գերեվարվածների իրավունքներին առնչվող հարցերը:
Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում մայիսի 12-ից իրավիճակը լարված է, ադրբեջանական զինուժը մի քանի ուղղություններով ներխուժել է Հայաստանի տարածք։ Բախումներում մեկ հայ զինծառայող զոհվել է, 6-ը՝ գերեվարվել։