Ֆեյսբուքը հայտարարել է, որ ընդլայնում է գործընկերությունը FactCheck Georgia փաստերի ստուգման անկախ հարթակի հետ՝ Ֆեյսբուք եւ Ինստագրամ սոցիալական ցանցերում հայերենով ստեղծված կեղծ բովանդակության տարածումը կանխելու միտումով:
Անկողմնակալ մարմնի՝ Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) կողմից հավաստագրված վրացական FactCheck Georgia-ն առաջիկա երկու ամսում՝ հունիս-հուլիսին, հայաստանյան «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» (MIC) ՀԿ-ի հետ համագործակցությամբ կիրականացնի Ֆեյսբուքում եւ Ինստագրամում հրապարակված հայերեն բովանդակության փաստերի ստուգում:
Կեղծ տեղեկության տարածումը նվազեցնող նախազգուշական նշան
Ֆեյսբուքի փաստերի ստուգման ծրագրում ներգրավված է ավելի քան 80 գործընկեր ամբողջ աշխարհից, որոնք ստուգում են շուրջ 60 լեզվով ստեղծված բովանդակությունը: Նրանք կարեւոր դեր ունեն տարածվող ապատեղեկատվության բացահայտման գործում:
Երբ փաստերի ստուգողը տեղեկությունը կեղծ է որակում, Ֆեյսբուքը նախազգուշական նշան է կցում բովանդակությանը եւ էապես նվազեցնում դրա տարածումը:
Հաճախակի կեղծ լուրեր շրջանառող էջերի ու դոմեյնների բովանդակության տարածումը եւս կկրճատվի, եւ նրանք կզրկվեն գովազդի եւ մոնետիզացիայի (դրամայնացնելու) հնարավորությունից:
Ընտրությունները՝ Ֆեյսբուքի ուշադրության կենտրոնում
Ըստ Ֆեյսբուքի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ որոշվել է ընդլայնել համագործակցությունը փորձառու լրագրողների միավորող FactCheck Georgia-ի հետ՝ գործելով նաեւ Հայաստանում։ Ֆեյսբուքը նշել է, որ համագործակցում է միայն Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) կողմից հավաստագրված փաստերի ստուգման հարթակների հետ՝ գերակայություն տալով այն վայրերին, որտեղ նշանակված են ընտրություններ, հետեւաբար ապատեղեկատվության տարածումը նման վայրերում իրական վտանգներ է պարունակում։
Ապատեղեկատվության դեմ պայքարի եռափուլ ռազմավարությունը
«Մենք շատ ուրախ ենք, որ ընդլայնում ենք համագործակցությունը FactCheck Georgia-ի հետ՝ գործելով նաեւ Հայաստանում: Հաշվի ենք առել փաստերի ստուգման ծրագրի մեկնարկից առաջ մեր վերլուծած մի շարք գործոններ: Հայաստանյան գործընկեր «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» (MIC) առանցքային աշխատանքը կօգնի մեզ նվազեցնելու հայերենով ապատեղեկատվության տարածումը մեր հարթակներում»,- ասել է Ֆեյսբուքի ռազմավարական գործընկերների զարգացման մենեջեր Սոֆի Այերսը:
Ֆեյսբուքն ունի ապատեղեկատվության դեմ պայքարի եռափուլ ռազմավարություն: Առաջին՝ իրազեկել մարդկանց՝ իրենց տեսանելի հրապարակումների մասին ավելի շատ տեղեկություն տալով: Երկրորդ՝ նվազեցնել կեղծ լուրերի եւ ոչ հավաստի բովանդակության տեսանելիությունը, երրորդ՝ ջնջել Ֆեյսբուքի եւ Ինստագրամի Համայնքի ստանդարտներին ու գովազդային քաղաքականությանը հակասող բովանդակությունը:
Կարեւորելով առողջապահական ուղղվածությունը
Այս ռազմավարությունը հատկապես կարեւոր է առողջապահական ուղղվածության ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակում: Համավարակի առաջին օրերից սկսած՝ Ֆեյսբուքը ջնջել է ավելի քան 18 միլիոն միավոր բովանդակություն, որոնք դեմ են եղել Քովիդ-19-ի առնչությամբ Ֆեյսբուքի որդեգրած կանոններին եւ պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվություն են պարունակել:
Փաստերի ստուգման ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունը հասանելի է հետեւյալ հղումով: Փաստերի ստուգման միջազգային ցանցի մասին լրացուցիչ տեղեկություն կարող եք ստանալ այստեղ, իսկ կառույցի Սկզբունքների կանոնագրքի մասին՝ այստեղ: