ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Կոզյակն այսօր ԿԸՀ-ում ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ ԱՊՀ-ի շուրջ 70 դիտորդ կհետեւի Հայաստանի ընտրություններին։ Սա ԱՊՀ դիտորդների 11-րդ առաքելությունն է Հայաստանում։
«ԱՊՀ առաքելության երկարաժամկետ դիտորդներն արդեն մանդատ են ստացել եւ հետեւելու են ընտրությունների նախապատրաստմանը: Առաքելությունը կգլխավորի ԱՊՀ գործադիր կոմիտեի փոխնախագահ Նեմատով Իլհոմը, որը Հայաստան կժամանի հունիսի 16-ին»,- նշել է Կոզյակը։
Դիտորդները ընտրության օրը մշտադիտարկում կիրականացնեն ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում։ Օրվա ավարտին տեղի կունենա ասուլիս, եւ կհրապարակվեն առաքելության եզրակացությունները:
«Շատ մեծ աշխատանք է արվել սեղմ ժամկետում։ Հասկանում ենք, որ 26 քաղաքական ուժերի մասնակցությունը մեծ բեռ է ընտրություններ անցկացնող մարմինների համար։ Մենք նորեկ չենք, ծանոթ ենք ՀՀ օրենսդրությանը եւ քվեարկության կարգին»,- ընդգծել է Կոզյակը։