Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Քովիդ-19-ի շտամներն այսուհետեւ կնշվեն հունական այբուբենի տառերով, որպեսզի խտրական վերաբերմունք չցուցաբերվի այն երկրների նկատմամբ, որտեղ դրանք հայտնաբերվել են, ինչպես նաեւ ոչ գիտական խոսույթում արտասանության հարմարության նպատակով:
«Դրանք չեն փոխարինի գիտական անվանումներին, բայց կոչված են օգնելու հանրային քննարկմանը»,- ըստ ռուսական «Ինտերֆաքս» գործակալության՝ հայտարարել է ԱՀԿ-ի առաջատար բժիշկ-համաճարակաբան Մարիա վան Քերքհովը:
Նոր համակարգով՝ կորոնավիրուսի B.1.1.7 «բրիտանական» շտամը կստանա «Ալֆա» անվանումը, առաջին անգամ Հարավաֆրիկյան Հանրապետությունում հայտնաբերված B.1.351 տարբերակը կդառնա «Բետա», իսկ բրազիլական P.1-ը՝ «Գամմա»: Կորոնավիրուսի «հնդկական» շտամի երկու ենթատեսակները՝ B.1.617.2-ը եւ B.1.617.1-ը, համապատասախանաբար կկոչվեն «Դելտա» եւ «Կապպա»:
Հունական այբուբենի 24 տառերից Էպսիլոնը, Զետան, Էտան, Տետան եւ Յոտան արդեն ընտրվել են դիտարկված մյուս ձեւափոխումները նշելու համար:
Անցալ տարի ԱՀԿ-ն նոր կորոնավիրուսին տվել է SARS-CoV-2 պաշտոնական անվանումը, իսկ դրա հարուցած հիվանդությանը՝ COVID-19:
Կազմակերպությունը նաեւ հորդորել է վիրուսը «չինական» չանվանել՝ երկրների եւ որոշակի ազգության մարդկանց նկատմամբ խտրականությունից խուսափելու համար:
Մայիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օրենք է ստորագրել ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների դեմ, որը միտված է կորոնավիրուսի համավարակի ընթացքում հարձակումների կտրուկ ավելացումից տուժած ասիական ծագումով ամերիկացիների պաշտպանությանը։