Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանի՝ փարիզյան այցի շրջանակում հայտարարել է, որ այս աշխատանքային այցելությունը կարեւոր ժամանակ է իրականացվում, երբ Հայաստանը բախվել է անվտանգության ճգնաժամի հետ։
«Նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից ի վեր մենք նկատում ենք, որ եթե նույնիսկ ընդհանուր առմամբ հրադադարը պահպանվում է, բայց անելիքները շատ են, Ֆրանսիան պատրաստ է օգնել այս հարցում: Առաջին հերթին խոսքս վերաբերում է ռազմագերիների ազատ արձակմանը, ինչպես նաեւ մյուս բանտարկյալների, մարդասիրական օգնության հարցին, նաեւ շատ կարեւոր հարց է ժառանգության պահպանությունը Լեռնային Ղարաբաղում եւ շրջակա տարածքներում. թե՛ քրիստոնեական եւ թե՛ մահմեդական ժառանգությունը անպայման պետք է պահպանվեն»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։
Ֆրանսիայի նախագահը անդրադարձել է նաեւ վերջին լարվածությանը։ Մակրոնն ընդգծել է, որ իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` Ֆրանսիայի պարտքն է ամեն ինչ անել կողմերի միջեւ երկխոսություն հաստատելու համար։ Նա շոշափել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ծագած վերջին միջադեպերի թեման:
Մակրոնը նշել է, որ սահմանազատումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով, եւ պետք է բացառել ուժի կիրառումը: Ֆրանսիայի նախագահը պնդել է, որ ադրբեջանական ուժերը պետք է դուրս քաշվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ հորդորելով կողմերին վերադառնալ մայիսի 11-ի դրությամբ ելման դիրքերը։
«Այս դժվարին ժամանակներում Ֆրանսիան հաստատակամ է, որ խաղաղություն հաստատվի տարածաշրջանում։ Ֆրանսիան մշտապես եղել է եւ կմնա Հայաստանի կողքին»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն եւս Փաշինյանի հետ հանդիպմանը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ակտիվացումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման գործում:
«Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը մենք բարձրացրեցինք Եվրոպական խորհրդարանի նախագահի առաջ, արդյունքում Եվրոպական խորհրդարանը հանդես եկավ բանաձեւով, որը դրական քայլ է: Մենք սրանով չենք բավարարվում, մեր քայլերը շարունակական են լինելու»,- ասել է Լարշեն` ընդգծելով, որ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի վերջին նախահարձակ գործողությունները մտահոգիչ են: