Ադրբեջանի դատախազությունը հայտնել է, որ Ադրբեջանում ավարտվել է հայ զինծառայողների նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Խծաբերդում գերեվարված հայ զինծառայողներին մեղադրում են ահաբեկչության եւ այլ հանցավոր գործողությունների մեջ։
Ադրբեջանական կողմը պնդում է, որ հայկական զինված կազմավորումները Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո իբր ապօրինի մուտք են գործել Հադրութ եւ դիրքեր գրավելով անտառապատ տարածքում՝ ահաբեկչական, դիվերսիոն եւ այլ հանցավոր գործողություններ են իրականացրել ադրբեջանցի զինծառայողների եւ քաղաքացիական անձանց դեմ։
Այդ կապակցությամբ Հրաչ Ավագյանին, Գեղամ Սերոբյանին եւ եւս 12 հայ զինծառայողի ահաբեկչության մեղադրանք է առաջադրվել` հրազենի եւ որպես զենք օգտագործվող առարկաների օգտագործմամբ: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Նախորդ տարվա դեկտեմբերի 16-ին Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը հայտնեց, որ անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Այնուհետեւ լուրեր տարածվեցին, որ նրանք գերի են ընկել։
Ավելի ուշ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հաստատեց, որ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ անհետ կորել է մի ստորաբաժանում։ Գերեվարվածների մեծ մասը Շիրակի մարզից է։