Ամեն բան կարող է մի վայրկյանում փոխվել, ամեն բան մի վայրկյանում կարող ես կորցնել…
Միշտ երկմտանքով եմ մոտեցել այս գաղափարին, ավա՜ղ, կյանքը ապացուցեց, որ դա այդպես է. այսօր դու ունես ամեն ինչ երջանիկ ու անհոգ լինելու համար, իսկ հաջորդ պահին կորցնում ես ամեն բան, նույնիսկ ինքդ քեզ, ամբողջ կյանքդ։
Ականջներիս մեջ դեռ առավոտյան լսվող թռչունների դայլայլն է, այնքա՜ն հստակ, անյքա՜ն հնչեղ, որ քեզ թվում էր, թե գտնվում ես բնության սրտում, աշխարհի կենտրոնում. փաստորեն այդպես էլ կար, ուղղակի սիրտը մնաց հեռվում՝ առանց բաբախյունի, իսկ պատճառը այդ չարաբաստիկ օրը դայլայլի փոխարեն լսվող անվերջ պայթյուններն էին, որոնք ամեն վայրկյան կյանք էին խլում։
Եվ նորից Արցախ աշխարհը մնաց առանց դայլայլի, իսկ երկնքում կար ամեն բան, բայց ո՛չ խաղաղ առավոտը խորհրդանշող արեւ կար, ո՛չ էլ խաղաղ դայլայլով թռչունները կային։
Հայի սիրտը նորից խոցվեց, մայր հողի առյուծասիրտ զավակները կանգնեցին կողք կողքի մահվանն ընդառաջ՝ պաշտպանելու հողը հայրենի, որը երրորդ անգամ անընդմեջ պետք է իր սրտում ամփոփեր իր զավակներին։
Նրանք գիտեին, թե ինչի համար են պայքարում, նրանք գիտեին հայրենիքի արժեքը, նրանք գիտեին հայ զինվոր լինելու պատասխանատվությունը, նրանք գիտեին իրենց կյանքի գինը, որը մի ողջ հայրենիք արժեր։ Հինգ հազար լույս տղաներ զոհվեցին հանուն մի գաղափարի՝ չթողնել թուրքին իր կեղտոտ ձեռքերով դիպչել սուրբ հողին. թուրքին չթողեցին, իսկ դավաճան հայի ձեռքը հասավ…
Տղաները զոհվեցին բարձունքում, իրենց բարձրության վրա՝ հավատալով, որ բարձունքը մերն է, մերն էլ կմնա, իսկ մենք արժանի չեղանք նրանց, անարգեցինք նրանց չապրած կյանքը, դավաճանեցինք ինքներս մեզ՝ մեր լռությամբ հանդերձ, քանզի դավաճանները դեռ քայլում են այն հողի վրա, հանուն որի զոհվեցին նրանք, քանզի դավաճանները իրենց ստոր ներկայությամբ դեռ անարգում են նրանց շիրիմները, քանզի Հայաստանն ու Արցախը մեծ Եռաբլուր դարձնողները դեռ համարձակվում են հայրենասիրության դասեր տալ եւ իրենց պարտված չճանաչել…
Այդ նրանք չպարտվեցին, որ հաղթանակը սրտներում գնացին դեպի կանչող հավերժություն, իսկ դո՛ւք՝ հաղթանակի մասին այդքան բարձր գոռացողներդ, պարտված ծնվել եք, ծնկած ապրել եք եւ շարունակում եք քարշ տալ ձեր ստոր գոյությունը։ Արյամբ պահածը գրիչով հանձնվեց, բայց հայը դեռ կա. հերոսի սերունդը հերոսներն են։ Մենք դեռ նոր մայիսի 9-ն ենք ունենալու, ամբողջ ազգով ենք արժանանալու Եռաբլուր այցելելու իրավունքին։
Բոլորս դարձանք երկու մարդ. մարդ, որ ապրում էր պատերազմից առաջ, եւ մարդ, որ շնչում է պատերազմից հետո։ Իրոք, դաժան է, երբ հայրենիքդ միայն սրտում եւ գլխում է մնում, երբ ամեն անգամ աչքերդ փակելիս հիշում ես տանդ ամեն մի անկյունը, տանդ առջեւ ընկած ամեն քարը։ «Հանկարծ չմոռանամ՝ որտեղ էր ընկած այն քարը, քանի ծառ կար այնտեղ, քանի ոլորան ունի այս ճանապարհը, իսկ իմ մանկությունը… ընկերներով այնտեղ շատ ենք գնացել». հարցեր, որոնց պատասխաններն ունես, բայց վախենում ես մոռանալ, քանզի միայն այդ հիշողություններով ես քեզ լիարժեք մարդ զգում, միայն այդ մեկ վայրկյանն է, այդ պահն է, երբ քեզ վերագտնում ես։ Միշտ մտածել եմ, որ պետք է ապրել ներկայով, բայց հիմա ե՛ւ ներկաս, ե՛ւ ապագաս դարձել են անցյալ. այնտեղ ես ինձ ճանաչում եմ, այնտեղ ես իմ հայրենիքում եմ, իմ գյուղում, իմ քաղաքում, իմ տանը, իմ դպրոցում։ Պատերազմից առաջ ես ունեի գյուղ, որը իմ ծննդավայրն էր՝ Թաղասեռը, իսկ հիմա Արցախիս ամեն մի անկյունն է իմ ծննդավայրը, հայի ցավն է իմը։ Հիմա արեւն էլ առաջվա նման չի ջերմացնում, ձյունը չի մանկացնում, էլ առաջվա դայլայլը չի լսվում. ամեն բան այլեւս կորցրել է իր քաղցրությունը։
Երբ վերջին անգամ իմ տանն էի՝ իմ սենյակում, դուրս գալիս մի պահ ետ նայեցի. ամեն բան իր տեղում էր, միայն անկողինս չէի հասցրել հարդարել, մտածեցի՝ կգամ, կանեմ եւ հիմա էլ այդպես եմ մտածում՝ «կգնամ, կանեմ, հո՞ այդպես չի մնա»։ Վերջին հիշողությունները ամենածանրն են, բայց եւ ամենաքաղցրը։
Օգոստոսն էր, երբ ընտանիքով գնացինք Դիզափայտ՝ սուրբ լեռը բարձրանալու։ Մռայլ եղանակ էր, եւ ուժեղ անձրեւ էր գալիս, բայց մեր մեծերը մեզ սովորեցրել են՝ եկեղեցու ճանապարհից ետ չեն դառնում, մեծ դժվարությամբ բարձրացանք, ու ես միայն հիմա եմ գիտակցում, որ վերջին անգամ էի նայում Դիզակ աշխարհին: Բարձրում մտածում էի․ «Մի՞թե մի փոքրիկ աշխարհում կարող է այսքան գեղեցկություն տեղավորվել»: Եվ հասկացա, որ պետք է արժանանանք եւ արժանի լինենք Աստծու կողմից տրված այդ պարգեւին։ Վերջին անգամ էի Դիզակի բարձունքում, բայց ոչ ամենավերջին, թուրքը վերջում հասավ Դիզակի բարձունքին, բայց առաջինը կմաքրվի այնտեղից։
Թեեւ անհայրենիք, բայց հիմա Արցախիս ամեն գյուղ, ամեն քաղաք իմ ծննդավայրն է, իմ հայրենիքն է, քանզի հոգիս ու սիրտս սավառնում են Արցախի մռայլված երկնքում։ Ամեն քար, ամեն թուփ, ամեն ծառ ու տերեւ հոգուս մի կտորն է, որ կոխկռտվում է թուրքի կեղտոտ ոտքերի տակ, բայց իմ հողը իր գրկում է այն պահում եւ մի օր անպայման կվերադարձնի։ Տղաները, որոնք հավերժ քուն մտան հայրենիքի գրկում, հանգիստ կննջեն, երբ թուրքի ոհմակը մաքրի նրանց արյունը իրենց պիղծ ներկայությունից։
Իմ Հադրո՛ւթ, մենք հեռացանք՝ մնալով հավերժ քոնը, դու կա՛ս ու կլինե՛ս հավերժ մերը, եւ եթե հանկարծ մտքովդ անցնի, թե այլեւս քո փողոցներում չի լսվի հադրության քաղցր բարբառը, հիշի՛ր, կա սերունդ, որն ապրում է գիրկդ վերադառնալու հույսով։
Հադրութի միջնակարգ դպրոց, 12-րդ դասարան
«Վերադարձ դեպի Դիզակ» հասարակական կազմակերպությունը, Ալիք Մեդիան եւ «Անալիտիկոն» հանդեսը դիմել են Արցախի Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ երեխաների՝ առաջարկելով շարադրել հայրենի բնակավայրերի մասին իրենց հուշերն ու վերապրումները։ Ալիք Մեդիան ամենօրյա պարբերականությամբ կհրապարակի հադրութցի երեխաների շարադրությունները։ Հեղինակները կպարգեւատրվեն մրցանակներով եւ խրախուսական նվերներով։