1918 թվականի մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատում եւ Բաշ Ապարանում հաղթելուց հետո հայերի եւ ներխուժող թուրքերի միջեւ ռազմական գործողությունները ժամանակավորապես դադարեցվեցին:
Հունիսի 4-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի երկկուսակցական պատվիրակությունը՝ Ալեքսանդր Խատիսյանը (ՀՅԴ), Հովհաննես Քաջազնունին (ՀՅԴ) եւ Միքայել Պապաջանյանը (Ժողովրդական), Օսմանյան կայսրության պատվիրակների հետ Բաթումում ստորագրեցին հաշտության եւ բարեկամության պայմանագիր:
Թեեւ Արամ Մանուկյանը եւ Երեւանի ազգային խորհուրդը դատապարտեցին Բաթումի պայմանները, սակայն օրեր անց ընդունեցին այդ փաստաթուղթը որպես կատարված իրողություն:
1918 թվականի հունիսի 5-ին «Աշխատանք» թերթում, որի խմբագիր-հրատարակիչը Արամ Մանուկյանն էր, առաջին էջում լույս տեսած խմբագրականից ակնհայտ է դառնում այն հակասությունը, որ եղել է Երեւանի եւ Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդների միջեւ՝ թուրքերի դեմ կռիվները Արարատյան դաշտում, Շիրակում շարունակելու եւ Բաթումում բանակցելու հարցերում։
Հայկական ուժերը՝ Հայկական կորպուսը, կարողացան թուրքերին կանգնեցնել, ապա ծանր մարդկային կորուստներ հասցնելով` մինչեւ մայիսի 29-ը հետ քշել Բաշ-Ապարանում ու Սարդարապատում: Հաղթանակով ոգեւորված` հայերն առաջ էին շարժվում դեպի Ալեքսանդրապոլ: Գեներալ Սիլիկյանը մտադիր էր թուրքական զորքերին հետապնդել մինչեւ Ալեքսանդրապոլ եւ հավատում էր, որ հայկական ուժերը կկարողանան երկու օրում հետ վերցնել քաղաքը:
Մայիսի 29-ին Սիլիկյանը կոչ է ուղղում հայերին՝ նախ ազատագրել Ալեքսանդրապոլը, ապա միայն բանակցել թուրքերի հետ Բաթումում. «Թուրքերը պահանջում են Ախալքալաքի, Ալեքսանդրապոլի ու Էջմիածնի (Մայր տաճարի հետ) գավառները, Երեւանի նահանգի մեծ մասն ու Նախիջեւանը: Կարո՞ղ ենք թույլ տալ նման վիրավորանք: Երբե՛ք, հա՛յ ժողովուրդ, դու չպիտի թույլ տաս այդպիսի անարգանք: Եվ այդ անարգանքը տեղի չի ունենա, եթե մենք հասնենք մինչեւ Ալեքսանդրապոլ: Դեպի՛ զենք բոլորդ, դեպի՛ Ալեքսանդրապոլ»:
Սակայն երբ հայկական զորքերը մոտենում էին Ալեքսանդրապոլին, զորավար Թովմաս Նազարբեկյանը Հայկական կորպուսին կանգ առնելու հրաման տվեց: Երեւանի Ազգային խորհրդի անդամների մի մասը առաջարկում էր հաշտվել կացության հետ եւ ընդունել Բաթումի դաշնագրի պայմանները, ուրիշները պահանջում էին չեղյալ համարել Նազարբեկյանի հեռագիրը, զորքերի ընդհանուր հրամանատար նշանակել Սիլիկյանին եւ շարունակել պատերազմը:
Հայկական ուժերը Արամ Մանուկյանի, Դրոյի, Մովսես Սիլիկյանի ղեկավարությամբ թուրքերին կանգնեցրել եւ հետ էին մղել Սարդարապատում եւ Բաշ Ապարանում: Ե՛վ Սարդարապատը, ե՛ւ Բաշ-Ապարանը Երեւանից հեռու են շուրջ 60-ական կիլոմետր:
Սակայն ինչպե՞ս է ստացվել, որ մայիսյան հաղթանակներից ընդամենը շաբաթներ հետո թուրքական զորքերը ընդհուպ մոտեցան Երեւանին, հասան մինչեւ Մասիս կայարան եւ, ինչպես Սիմոն Վրացյանն է գրում, «դիրքեր գրավեցին Երեւանից 7 կմ հեռու»:
Սա հայոց ոչ վաղ անցյալի պատմության ուշագրավ դրվագներից է, որի մասին շատ չի խոսվում:
Այդ հարցին սպառիչ պատասխան է տվել նույն Վրացյանը իր կոթողային՝ «Հայաստանի Հանրապետությունը» աշխատության մեջ:
Թեեւ Բաթումում կնքվել էր հաշտություն, հայերն ու թուրքերը դաշնագրի բովանդակությունը տարբեր կերպ էին մեկնաբանում:
Դաշնագրին առնչվող խնդիրները կարգավորելու նպատակով Արամ Մանուկյանի ղեկավարած Երեւանի Ազգային խորհուրդը Ալեքսանդրապոլ ուղարկեց հատուկ պատվիրակություն Մկրտիչ Մուսինյանի գլխավորությամբ, որին հանձնարարվեց բանակցել թուրք հրամանատար Քյազիմ Կարաբեքիրի հետ Բաթումի դաշնագրից բխող մի քանի հարցերի շուրջ:
Հայաստանի ազգային արխիվում աշխատելու ընթացքում տողերիս հեղինակը մանրամասնորեն կարդացել է ինչպես Մուսինյանի եւ Կարաբեքիրի միջեւ ստորագրված փաստաթղթերը՝ Բաթումի դաշնագրի հավելվածները (դրանք հինգն են), այնպես էլ պատվիրակությունների միջեւ փոխանակված եւ այլ գրագրություններ:
Հայկական պատվիրակությունը կազմված էր հինգ հոգուց. բացի Երեւանի ապագա քաղաքագլուխ Մուսինյանից՝ դրա կազմում էին Թամամշյանցը, Մելիքյանը, զորավար Տեր Հակոբյանը, գնդապետներ Քիշմիշյանը եւ Վեքիլյանը:
1918-ի մայիսից մինչեւ հոկտեմբեր Ալեքսանդրապոլը՝ Գյումրին, ինչպես Ղարաքիլիսան՝ Վանաձորը, թուրքական գրավման տակ էր, այնտեղ նստած էր Քյազիմ Կարաբեքիրը, ով եւ հունիսի կեսերից, որպես տանուտեր, ընդունեց հայկական պատվիրակությանը:
Բաթումի դաշնագրից բխող եւ հայկական կողմի համար վիճելի հիմնական հարցերը հինգն էին.
Առաջին՝ հայ գաղթականության վերադարձն իրենց տեղերը, երկրորդ՝ գերիների փոխանակումը, երրորդ՝ թուրքական զորքի Հայաստանից անցնելու պայմանները, չորրորդ՝ երկաթուղու փոխանցման խնդիրը, հինգերորդ՝ Ղարաքիլիսայի դատարկումը եւ հանձնումը հայերին:
Վրացյանը գրում է. «Պատվիրակությունը Ալեքսանդրապոլում ընդունվեց պատշաճ քաղաքավարությամբ: Սկսվեցին բանակցությունները, բայց թուրքերը չընդունեցին հայերի պահանջներից եւ ոչ մեկը: Նրանց զբաղեցնողը Հայաստանի վրայով զորք փոխադրելու իրավունքն էր եւ Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթուղագծի անմիջական փոխանցումը: Եվ այս պահանջներին էր, որ ամենից ավելի հակառակվում էին հայերը»:
Հենց բանակցությունների ընթացքում, առանց ընդհատելու դրանք, թուրքական զորքերը հուլիսի 7-ին կրկին շարժվեցին Սարդարապատի ուղղությամբ: Զորավար Սիլիկյանը զորքերին հրամայեց թողնել երկաթուղին եւ դիրքեր գրավել Էջմիածնի շրջանում:
Վրացյանը շարունակում է. «Հուլիսի 8-ին թուրքերը մեծ ուժով հարձակվեցին Քյորփլու-Զեյվա գծի վրա, բայց հետ շպրտվեցին 5-րդ գնդի եւ կամավորական խմբերի ուժգին հակահարվածով: Այս կետում թողնելով պահակ զորամասեր՝ թուրքերը շարժվեցին դեպի արեւելք: Հուլիսի 8-ին գրավեցին Խաթունարխ գյուղը Էջմիածնից 10 կմ հեռու, հուլիսի 9-ին մտան Չոբանքյարա, Նեջերլու, Թազաքենդ եւ Աղհամզալու գյուղերը: Այսպիսով՝ հաստատվեց Բաթումի դաշնագրի սահմանագիծը: Թուրքերը դիրքեր գրավեցին Երեւանից 7 կմ հեռու` թնդանոթների բերաններն ուղղելով դեպի Հայաստանի մայրաքաղաքը»:
Այսպիսով, ինչպես պարզ է դառնում Վրացյանի գրքից եւ ինչպես կարելի է արխիվային այլ փաստաթղթերով տեսնել, 1918-ի հուլիսին թուրքերին հաջողվեց զավթել Ալեքսանդրապոլից մինչեւ Մասիս կայարան հատվածը:
Այս ռազմակալումը շարունակվեց մինչեւ 1918-ի նոյեմբեր, երբ Օսմանյան կայսրությունը ստորագրեց Մուդրոսի զինադադարը՝ կապիտուլյացիան, եւ հեռացավ նաեւ հայկական հողերի մի փոքր հատվածից:
Նոյեմբեր-դեկտեմբերի ընթացքում հեռացող թուրքական զորքերի տեղը զբաղեցրին հայկական զորքերը: Այսպես, Հայաստանի Հանրապետության մաս կազմեցին Ղարաքիլիսան, այսօր՝ Վանաձոր, Ալեքսանդրապոլ-Գյումրին, Սարդարապատը, Արաքսը, Ուլուխանլուն՝ Մասիսը, եւ այլ շրջաններ:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։