Ռուսաստանը եւ Մեծ Բրիտանիան այսօրվանից փոխադարձաբար վերսկսում են թռիչքները` համավարակային իրավիճակի բարելավուման շնորհիվ: Մոսկվա-Լոնդոն եւ հակառակ ուղղությամբ թռիչքները կիրականացվեն շաբաթական երեք անգամ:
Օդային հաղորդակցությունը երկու երկրների միջեւ դադարեցված էր անցյալ տարվա դեկտեմբերից:
Հունիսի 10-ից Ռուսաստանը կվերսկսի թռիչքները 7 այլ երկրի՝ Ավստրիայի, Հունգարիայի, Լիբանանի, Լյուքսեմբուրգի, Խորվաթիայի, Մավրիկիոսի եւ Մարոկկոյի հետ: Կվերսկսվի նաեւ Ալբանիայի հետ չարտերային ավիահաղորդակցությունը Մոսկվա-Տիրանա երթուղով՝ շաբաթը մեկ անգամ:
Միեւնույն ժամանակ Մոսկվան Թուրքիայի եւ Տանզանիայի հետ ավիահաղորդակցության սահմանափակումը երկարաձգել է մինչեւ հունիսի 21-ը։
Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում չափազանց կարեւոր է ռուս զբոսաշրջիկների դերակատարումը, եւ նման որոշման հետեւանքով Թուրքիայում այս ոլորտը մեծ վնաս կկրի։ Թուրք պաշտոնյաները դեռեւս մայիսի 19-ին էին փորձել բանակցությունների միջոցով չեղարկել թռիչքները հետաձգելու մասին նախորդ որոշումը, սակայն ռուսական կողմն այն անփոփոխ թողեց։ Թուրքիայի կառավարությունն այդ որոշումը քաղաքական անվանեց։