Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ Պաշտպանական արդյունաբերության երիտասարդ գիտնականներին եւ նրանց ղեկավարներին հաջողվել է ձեռք բերել էներգիայի ոլորտում ամենաբարդ տեխնոլոգիան։
ՊՆ էներգետիկ ռեսուրսների զարգացման կազմակերպության գերծանր էներգիայի եւ ձգող մարտկոցների արտադրության հոսքագծերի բացման արարողության ժամանակ Բաղերին հայտնել է, որ Պաշտպանական արդյունաբերության կազմակերպության արտադրանքի քանակը վերջին 5 տարվա ընթացքում աճել է 10 անգամ։
Նա ընդգծել է, որ Իրանի պաշտպանական արդյունաբերության երիտասարդ գիտնականների եւ նրանց ղեկավարների ձեռքբերումներն ակնառու են:
Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ ԻԻՀ-ն իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի եւ զինված ուժերի գերագույն հրամանատարության գլխավորությամբ Դիմադրության ճակատի առաջատարն է՝ հավելելով. «Ոչ մի հնարավորություն չպետք է բաց թողնել: Կանխարգելիչ ուժը հզորացնելուն ուղղված բոլոր ջանքերը պետք է կրկնապատկվեն»:
Ավելի վաղ Իրանի գիտության եւ տեխնոլոգիայի գծով փոխնախագահ Սորենա Սաթարին հայտարարել է, որ երկրի ՀՆԱ-ում աճել է գիտահենք տնտեսության մասնաբաժինը՝ տարեկան հասնելով մինչեւ 60 տոկոսի:
Սաթարին մայիսի վերջին այցելել է Սպահանի Ջեյ գիտահետազոտական արդյունաբերական քաղաքում տեղակայված մի շարք ընկերություններ եւ մասնակցել Սպահանի համալսարանի կենտրոնական լաբորատորիայի զարգացման ծրագրի բացմանը:
«Գիտահենք արտադրանքների եւ ծառայությունների արտահանման արժեքը կազմում է մեկ միլիարդ դոլար»,- ասել է նա Սպահանում իր ելույթում։