Ըստ NTV հեռուստաալիքի՝ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, Աթենքում մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, ասել է, որ Ռուսաստանը չպետք է նեղանա այն բանից, որ Անկարան զենք է վաճառում Կիեւին։
«Անկարան հարցեր չի տալիս օտարերկրյա պետություններին, այդ թվում՝ Ռուսաստանին, թե ինչու են նրանք զենք վաճառում։ Ուկրաինայի հետ համաձայնագրեր են կնքվել տարիներ առաջ։ Մենք լավ արտադրանք ունենք։ Ռուսաստանը չպետք է նեղանա դրանից։ Դա բիզնես է։ Սիրիան մեր ինքնաթիռը խոցեց ռուսական հրթիռով։ Ռուսաստանը հրթիռներ է մատակարարում Սիրիային եւ շատ երկրների։ Մենք երբեք պահանջներ չենք ներկայացրել այդ կապակցությամբ»,- հայտարարել է նա։
2021-ի ապրիլին հայտնի դարձավ, որ թուրքական կողմը Bayraktar TB2 անօդաչուների հերթական խմբաքանակը կվաճառի Ուկրաինային. առաջին գործարքը կնքվել էր դեռ 2019-ին: Բացի դրանից՝ Կիեւը Անկարային առաջարկել է համատեղ արտադրություն սկսել Ուկրաինայում։
Թուրք բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքով այդ գործարքներն ուղղված չեն Ռուսաստանի դեմ։ Ընդ որում` թուրքական անօդաչուները ակտիվորեն կիրառվել են Դոնբասում ռազմական գործողությունների ընթացքում։ Անկարան բազմիցս հայտարարել է, որ Ղրիմը բռնակցված է համարում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բոլորովին վերջերս՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը, նման հայտարարությամբ հանդես եկավ: