ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ (COVID-19) չինական «Սինովակ» ընկերության «ԿորոնաՎակ» պատվաստանյութը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստացել է արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն՝ հավաստիացնելով, որ այն համապատասխանում է անվտանգության, արդյունավետության եւ արտադրության միջազգային չափորոշիչներին:
ԱՀԿ-ի իմունականխարգելման գծով ռազմավարական խորհրդատվական խումբը (SAGE) նույնպես ավարտել է պատվաստանյութի վերաբերյալ իր ուսումնասիրությունը:
Ըստ այդ հետազոտության՝ պատվաստանյութը 100%-ով կանխում է կորոնավիրուսի ծանր դեպքերը, հոսպիտալացումները եւ մահվան ելքերը։
Առկա ապացուցողական տվյալների հիման վրա ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս պատվաստանյութն օգտագործել 18 եւ բարձր տարիքի անձանց շրջանում՝ երկու դեղաչափով, 14-28 օր միջակայքով:
Հայաստանում եւս «ԿորոնաՎակ»-ով պատվաստումներն իրականացվում են 18 եւ բարձր տարիքի անձանց շրջանում՝ երկու դեղաչափերի միջեւ 28 օր միջակայքով, ըստ դիմելիության եւ կամավորության սկզբունքով:
ՀՀ ԱՆ-ն հիշեցնում է, որ պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ եւ կիրակի սահմանվել է հերթապահություն՝ ժամը 10։00-16։00-ը։ Նախապես անհրաժեշտ է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, եւ գրանցվել պատվաստման համար։
Գործում են նաեւ շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում. Երեւանում` Հյուսիսային պողոտայի, «Կասկադ համալիրի», «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի, «Մոսկվա» կինոթատրոնի եւ «Երիտասարդական» մետրոյի կայարանի հարակից տարածքներում, ինչպես նաեւ «Դալմա Գարդեն» մոլ եւ «Մեգամոլ» առեւտրի կենտրոններում, Գյումրու Վարդանանց հրապարակում, Վանաձորի Հայքի հրապարակում, Դիլիջանի քաղաքապետարանի հարեւանությամբ: