Նիդերլանդների արտգործնախարարի պաշտոնակատար Սիխրիդ Կաախը Նիդերլանդների խորհրդարանին ուղղված նամակում անդրադարձել է ԵՄ արտգործնախարարների խորհրդում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ քննարկումներին։ Նա կարեւորել է նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության գնահատման առաքելության անհապաղ գործուղումը տարածաշրջան։
Սիխրիդ Կաախը նշել է, որ Նիդերլանդների նախաձեռնությամբ ԵՄ-ն մայիսի 28-ին հանդես եկավ նոր համատեղ հայտարարությամբ, որում խոր մտահոգություն է հայտնել սահմանային զարգացումների վերաբերյալ եւ ընդգծել լարվածության թուլացման կարեւորությունը։
Պաշտոնական Ամստերդամն ընդգծել է նաեւ հայ-ադրբեջանական սահմանից զորքերի շուտափույթ հեռացման եւ սահմանազատման հարցը բանակցությունների միջոցով հստակեցնելու անհրաժեշտությունը՝ միաժամանակ Ադրբեջանին հորդորելով անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին։
Մոտավոր տվյալներով այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։
Միեւնույն ժամանակ Բաքվի դատարանում այսօր մեկնարկել է երկու հայ ռազմագերիների՝ Լյուդվիգ Մկրտչյանի եւ Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը։ Ադրբեջանի դատախազությունը նրանց մեղադրում է 1990-ականների սկզբներին ղարաբաղյան պատերազմում ադրբեջանցի «գերիներին խոշտանգելու մեջ»:
Ըստ «Թուրան» գործակալության՝ ավարտվել է եւս 14 հայ ռազմագերու նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությունը։