Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար մինչեւ այս պահը ԿԸՀ-ում հավատարմագրվել է մեկ տեղական հասարակական կազմակերպություն՝ «Թարնսփարենսի ինթերնեշնլ»-ը՝ իր 67 դիտորդով, եւ երկու միջազգային կազմակերպություն։
ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը հայտնել է, որ ԿԸՀ-ում հավատարմագրվել են ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի հիմնական կազմը՝ 38 երկարաժամկետ դիտորդով, եւ ԱՊՀ դիտորդական առաքելությունը՝ մոտ 70 դիտորդով: «Հավանաբար նաեւ կլինեն կարճաժամկետ դիտորդներ, որոնց քանակի վերաբերյալ այս պահին տեղեկություն չեմ կարող ներկայացնել»,- նշել է նա։
«Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ն ընտրությունները դիտարկելու համար հանդես է գալու դաշինքով։ Ձեւավորվել է «Ականատես» դիտորդական առաքելությունը, որի մեջ մտնում են չորս կազմակերպություն՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը, «Ժուռնալիստների ասպարեզ ակումբ»-ը, «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամը եւ «Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամը»։
Դիտորդական առաքելություն իրականացնող ընկերությունների համար հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը հունիսի 5-ն է:
Հայաստանում ընտրությունների մասնակիցների թիվը 2․583․823 միլիոն է, մասնակցում են 22 կուսակցություն եւ 4 դաշինք, ձեւավորվել է 2008 ընտրատեղամաս։