ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, ըստ որի՝ հունիսի 1-ի երեկոյան 40 հայ զինծառայող հատել է Ադրբեջանի սահմանը, ինչից հետո Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները «ստիպել են նրանց վերադառնալ ելման դիրքեր»։
Ադրբեջանական կողմը մասնավորապես հաղորդել էր, թե հունիսի 1-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, շուրջ 40 հայ զինվոր խախտել է Ադրբեջանի սահմանը Քելբաջարի շրջանում եւ 400 մ առաջ շարժվել Արմուդլու գյուղի ուղղությամբ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ադրբեջանի զինված ուժերի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայ զինվորները լքել են Ադրբեջանի տարածքը:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ո՛չ հունիսի 1-ին եւ ո՛չ էլ դրան նախորդող օրերին Ադրբեջանի Հանրապետության սահմանը չեն հատել, եւ դրա վերաբերյալ բոլոր պնդումներն այդ երկրի պաշտպանական գերատեսչության կողմից տարածվող ապատեղեկատվություն են, որի ծավալը վերջին շրջանում էապես ավելացել է։
Մասնավորապես օրեր առաջ էլ Ադրբեջանի ՊՆ-ն պնդում էր, թե հայկական կողմը կրակ է բացել ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ Շուշիի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա, ինչը հերքվեց, համապատասխանաբար, Հայաստանի պաշտպանական գերատեսչության եւ Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հրամանատարության կողմից», — ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
Նախարարությունն ընդգծում է, որ նման ապատեղեկատվությունը ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը շրջանառության մեջ է դնում ՀՀ զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը սրելու փորձերի վերաբերյալ միջազգային հանրության շրջանում տպավորություն ստեղծելու եւ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից մայիսի 12-ին եւ 13-ին Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցելու սադրանքը հակակշռելու նպատակով։