Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը եւ աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը առանձնազրույցում քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքը, այս տարվա մարտի 1-ից ուժի մեջ մտած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախատեսվող ծրագրերը:
Եվրոպական խորհրդի նախագահը կարեւորել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը եւ շեշտել ՀՀ-ի հետ գործակցությունը էլ ավելի խորացնելու եւ ընդլայնելու ԵՄ-ի պատրաստակամությունը։
Եվրոպական խորհրդի նախագահը ողջունել է հայկական կողմի` հայ-ադրբեջանական սահմանային խնդիրը խաղաղ, քաղաքական ճանապարհով լուծելու դիրքորոշումը եւ հայտնել այդ գործընթացին օժանդակելու ԵՄ-ի պատրաստակամությունը:
Բրյուսելում Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյի հետ Փաշինյանի հանդիպմանը կարեւորվել է ՀՀ-ԵՄ միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախատեսված «Ճանապարհային քարտեզի» միջոցառումների արդյունավետ իրականացումը։
Անդրադարձ է արվել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների սադրիչ գործողություններին եւ ընդգծվել Հայաստանի ինքնիշխան տարածքից վերջիններիս ելման դիրքեր դուրս գալու եւ իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու անհրաժեշտությունը:
Բելգիայի վարչապետը նշել է, որ տեղի ունեցողը մտահոգիչ է եւ խնդիրը իրենց ուշադրության կենտրոնում է։
Երկուստեք կարեւորվել է նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովումն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում վերսկսումը: