ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս Գրինֆիլդը հունիսի 2-4-ը պաշտոնական այցով կլինի Թուրքիայում: Սա Էրդողան-Բայդեն տեղի ունենալիք հանդիպումից առաջ երկրորդ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի այցն է Թուրքիա: Նախորդ շաբաթ Թուրքիա էր այցելել ԱՄՆ փոխպետքարտուղար Վենդի Շերմանը:
Թուրքական Cumhuriyet թերթի կայքը, հղում անելով ամերիկյան դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ Գրինֆիլդը հանդիպումներ է ունենալու թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու համար թուրք-ամերիկյան հարաբերությունները, միջազգային խնդիրները եւ Սիրիայում համագործակցությունը զարգացնելու հարցերը:
Դեսպան Գրինֆիլդը նաեւ կայցելի թուրք-սիրիական սահման ու կհանդիպի սիրիացի փախստականների հետ:
Բայդենի եւ Էրդողանի հանդիպումը տեղի կունենա հունիսի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում։