Եվրամիությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ հունիսի 2-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ունեցած հեռախոսազրույցի եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարեւորել է Հարավային Կովկասի կայունությունն ու զարգացումը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը։
Միշելը հիշեցրել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից հրադադարի մասին եռակողմ հայտարարությունն ամբողջական կյանքի կոչելը կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար:
Շառլ Միշելն ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է սահմանազատման եւ սահմանագծման ոլորտում փորձագիտական գնահատականներ տրամադրել, ինչպես նաեւ աջակցել վստահության ամրապնդման հարցում։
Եվրամիությունը նաեւ հորդորել է երկու կողմերին անհապաղ համագործակցել ձերբակալվածներին վերադարձնելու, ականապատ տարածքների մասին տեղեկության տրամադրման հարցում։
Նշվել է նաեւ, որ ԵՄ-ն կողմերին շուրջ 20 մլն եվրո է տրամադրում որպես մարդասիրական օգնություն եւ շարունակելու է այս հարցում իր աջակցությունը։
ԵԽ նախագահը նշել է, որ վերոհիշյալ հրատապ խնդիրների լուծումը միայն առաջին քայլն է խաղաղ կարգավորման ճանապարհին։ ԵՄ նախագահությունը կոչ է արել երկու կողմերին վերսկսելու կառուցողական բանակցությունները։
Շեշտվել է, որ ԵՄ-ն խորապես շահագրգռված է Հարավային Կովկասի անվտանգությամբ, կայունությամբ եւ զարգացմամբ`որպես ԵՄ Արեւելյան գործընկերության անբաժանելի մաս: