Վաղուց թեեւ իմ հայացքը
Անհայտին է ու հեռվում,
Ու իմ սիրտը իմ մտքի հետ
Անհուններն է թափառում։
Երբ այս բանաստեղծությունը ասում էի գրականության դասի ժամանակ, փորձում էի արտահայտիչ ասել, փորձում էի հասկանալ հեղինակի ապրումները, ու ինձ թվում էր, թե ես, իրոք, հասկացել եմ, բայց հիմա, երբ դրանք արդեն իմ ապրումերն են, հասկանում եմ, որ այն ժամանակ ուղղակի անգիր էի արել, ուղղակի սովորել էի։ Հիմա եմ հասկանում ամեն մի բառի իմաստը, ցավը, հիմա, երբ ես հեռու եմ իմ հայրենիքից, հայրենի հողից, գյուղից ու իմ տնից։ Հիմա եմ հասկանում ու զգում այն ցավը, որի մասին գրել է Հովհաննես Թումանյանը։
Իմ գյուղը իմ հայրենիքն է, իմ օդը, իմ ջուրը, իմ մանկությունը, իմ ծննդավայրը, իմ ներկան ու ապագան։ Շատ եմ լսել, որ ասել են՝ «գյուղում կյանքը մեռած է. աշխատանք չկա, հետաքրքրություն չկա»։ Ես հավատացնում եմ ձեզ, որ չկա նման բան։ Գյուղում ապրելը Աստծուց տրված պարգեւ է։ Ես միշտ սիրել եմ իմ գյուղը ու իմ ապագան էլ այդտեղ եմ տեսնում՝ իմ հարազատների ու ընտանիքի հետ։ Խոստովանում եմ, մեր գյուղը շատ խնդիրներ ուներ, որոնց մասին ոչ ոք չէր մտածում։ Ու լինում էին պահեր, որ ես էլ էի բողոքում, բոլորս էինք բողոքում, բայց հաջորդ վայրկյանին մոռանում ու շարունակում էինք մեր գործը։ Երբ ես դասի ժամանակ գնում էի կավիճ բերելու, ու ինձ ասում էին, որ լավ կավիճը վերջացել է, ու ինձ տալիս էին անորակ կավիճ, որով շատ դժվար էր գրելն, ու գրածն էլ լավ չէր երեւում, ես այդ ժամանակ ինձ խոսք էի տալիս, որ երբ մեծանամ ու աշխատանք ունենամ, ես պետք է կարողանամ իմ սեփական գումարով դպրոցին ապահովել կավիճով։ Ես այդ ժամանակ դեռ փոքր էի, երեւի հինգերորդ դասարանում էի սովորում, բայց այդ խոստումը դեռ չեմ մոռացել, եւ ես դա անելու եմ։ Ուղղակի հասկանում եմ, որ հիմա գործը մի քիչ բարդացել է։ Նախ պետք է դպրոց կառուցենք, հետո նոր կավիճի հոգսը քաշեմ։ Բայց ես վստահ եմ, որ գալու է այդ օրը. մեկ ամսից, հինգ ամսից թե մեկ տարուց, մեկ է, գալու է։ Ու ես նորից կգնամ իմ գյուղ, կբացեմ տանս դուռը ու կզգամ մորս պատրաստած ճաշի անուշ հոտը։ Մենք կսպասենք, մինչեւ հայրս աշխատանքից գա, ու ընտանիքով կնստենք կլոր սեղանի շուրջը եւ կճաշենք։ Ես նորից կքայլեմ իմ գյուղի ճանապարհով ու բոլորին բարեւելով կանցնեմ։ Կմտնեմ տատիկիս խանութ, նրա հետ սուրճ կխմեմ ու կգնամ ընկերներիս մոտ։ Ես էլի կմտնեմ իմ դպրոց, որտեղ ինձ շատ ջերմ կընդունեն, ինչպես միշտ։ Ես հավատում եմ, որ այդ օրը գալու է։
Իմ գյուղն Այգեստանն է, որը չորս կողմից շրջապատված է կանաչապատ դաշտերով, այգիներով. այդտեղից էլ առաջացել է անունը։ Գյուղի կյանքն ուրիշ է, գյուղի կյանքը մեռած չէ, զբաղմունք կա, հետաքրքրություն կա, ուղղակի փնտրող է պետք։ Գյուղի օդը, արեւը, ձյունը, ամեն ինչն ուրիշ է։ Գյուղում չկան գլխապտույտ առաջացնող բարձրահարկ շենքեր։ Սեփական տներ են՝ սեփական ուժերով կառուցած, համեստ, առանց ճոխությունների, հաճախ էլ՝ անկողպեք։ Գողերից զգուշանալու պատճառ գյուղում չեն ունենում։ Գյուղում ամեն ինչ իրական է, մարդիկ՝ ավելի անմիջական, շփվող, անկեղծ, օգնող։
Կարոտում եմ, շատ եմ կարոտում իմ գյուղը, իմ հայրենիքը, իմ հին կյանքը։ Ամեն ինչն եմ կարոտում, նույնիսկ թութ թափելը։ Իսկ այն ժամանակ բողոքում էի, երբ թափելիս թութ էր ընկնում մազերիս մեջ, եւ ես չէի կարողանում հանել։
Մեր գյուղը կարծես մի մեծ ընտանիք լիներ, որտեղ բոլորը իրար ճանաչում են, գիտեն միմյանց խնդիրները ու միշտ պատրաստ են օգնել։ Իսկ հիմա, երբ իմ գյուղից, հայրենի հողից հեռու եմ, կարծես կիսատ լինեմ, կարծես այն չարաբաստիկ օրը մի մասնիկ թողած լինեմ մեր տանը, մեր բակում ու այն ապաստարանում, որտեղ երեք ժամ եմ մնացել ու այդ երեք ժամում այնքան ցավ, լաց ու վախ տեսել գյուղացիներիս աչքերի մեջ, որ դրանից հետո նույնը մնալ ուղղակի անհնար է։ Այստեղ կարծես օդը խեղդում է, եւ նույնիսկ լինում են պահեր, որ քայլելիս կարծես ոտքերիս տակ հողը չեմ զգում, չեմ կարողանում առաջվա նման հստակ քայլեր կատարել։ Իմ հայրենի հողն եմ ուզում, իմ գյուղի մաքուր օդը։
Իրականում շատ բան կա ասելու, բայց միեւնույն ժամանակ շատ դժվար է գրել այս շարադրությունը։ Շատ եմ գրել հայրենիքի մասին, գյուղի մասին, բայց այն ժամանակ այսպես չէր։ Տարբերությունն այն է, որ ես առաջ գրում էի իմ գյուղում՝ իմ տանը՝ իմ սենյակում նստած, իսկ հիմա այս շարադրությունը գրում է անտուն ու անհայրենիք մի մարդ, որը ուղղակի ուզում է ապրել նորից իր հին կյանքով՝ իր տանը, իր գյուղում, իր ընտանիքի հետ, եւ որը համոզված է, որ գալու է այդ օրը։
Հադրութի Մ. Մանվելյանի անվ․ միջնակարգ դպրոց, 12-րդ դասարան
«Վերադարձ դեպի Դիզակ» հասարակական կազմակերպությունը, Ալիք Մեդիան եւ «Անալիտիկոն» հանդեսը դիմել են Արցախի Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ երեխաների՝ առաջարկելով շարադրել հայրենի բնակավայրերի մասին իրենց հուշերն ու վերապրումները։ Ալիք Մեդիան ամենօրյա պարբերականությամբ կհրապարակի հադրութցի երեխաների շարադրությունները։ Հեղինակները կպարգեւատրվեն մրցանակներով եւ խրախուսական նվերներով։