Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ չորեքշաբթի Մոսկվայում տեղի են ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների եռակողմ խորհրդակցություններ։ Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանում լարվածության թուլացման ուղիներ: Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները։
Հայկական կողմից բանակցություններին մասնակցել են ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանը եւ սահմանապահ զորքերի շտաբի պետ Արման Գասպարյանը։
Ադրբեջանական կողմը ներկայացրել է արտաքին հետախուզության ղեկավար Օրհան Սուլթանովը։
Բանակցություններն անցկացվել են Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի ղեկավար Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ, որը մի քանի օր ՌԴ-ում էր՝ հանդիպումը կազմակերպելու նպատակով:
Բանակցությունների առանցքում եղել է ՀՀ ՊՆ զորամասի պահպանության տարածքից գերեվարված հայ վեց զինվորականների հարցը։ ՀՀ-ն պահանջել է, որ վերջիններս անհապաղ վերադարձվեն Հայաստան:
Նշվում է, որ Մուրադովը այսօր կգա Երեւան եւ մանրամասներ կհայտնի իրավիճակից: