Անցած գիշեր ընդդիմադիր «Յեշ Ատիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը պաշտոնապես տեղեկացրել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին, որ ընդդիմադիր մի շարք կուսակցությունների հաջողվել է կոալիցիոն կառավարության ձեւավորման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել։
Նոր կառավարությունում ընդգրկվելու են նաեւ միլիոնատեր Նաֆթալի Բենեթի հիմնադրած ծայրահեղ աջ «Յամինա» կուսակցությունը, արաբական ծագում ունեցող Իսրայելի քաղաքացիների շահերը ներկայացնող ՌԱԱՄ-ը՝ «Միասնական արաբական ցուցակը», եւ մի շարք այլ մանր կուսակցություններ։
Կառավարության ղեկավարումն իրականացվելու է ռոտացիոն սկզբունքով․ առաջիկա երկու տարում կառավարությունը կղեկավարի Նաֆթալի Բենեթը, 2023-ին նրան կփոխարինի Յաիր Լապիդը։ Այսպիսով՝ կավարտվի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի 12-ամյա պաշտոնավարումը։
Երեկ Իսրայելում նաեւ պետության նոր ղեկավար են ընտրել։ Քնեսեթի լիագումար նիստում գաղտնի քվեարկությամբ երկրի 11-րդ նախագահ է դարձել Իցհակ Հերցոգը։
Նորընտիր նախագահը Իսրայելի վեցերորդ նախագահ Խայիմ Հերցոգի որդին է, նախկինում՝ «Ավոդա» կուսակցության ղեկավարը, այժմ՝ Հրեական գործակալության նախագահը։
Իսրայելի գործող նախագահ Ռյուվեն Ռիվլինը պաշտոնը ստանձնել է 2014-ին: Նրա լիազորությունների ժամկետը լրանում է 2021-ի հուլիսի 9-ին։