Վերջին երկու շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել Արեւելյան գործընկերության քաղհասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) աշխատանքային խմբերի հանդիպումները:
Մայիսի 17-19-ը առցանց ձեւաչափով տեղի է ունեցել ԱլԳ ՔՀՖ 3-րդ աշխատանքային խմբի հանդիպումը: Խմբի քննարկման առարկան են շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության, էներգաարդյունավետության ու տրանսպորտային հարցերը: Խմբի 2021 թվականի առաջին միջազգային աշխատանքային հանդիպմանը մասնակցել են Եվրամիության հարեւանության 6 երկրների՝ Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, անկախ փորձագետներ, ՔՀՖ պլատֆորմի քարտուղարության եւ Եվրամիության ոլորտային ուղղությունների ծրագրերի ներկայացուցիչներ:
Հանդիպմանը քննարկվել են թեմատիկ տարաբնույթ հարցեր. քաղհասարակությանը հուզող ոլորտային հարցերը, եւ թե ինչ են անում այդ ուղղությամբ յուրաքանչյուր երկրի ազգային պլատֆորմի (ԱՊ) 3-րդ աշխատանքային խմբի անդամները:
Խմբերի աշխատանքին վերաբերող պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի ԱՊ-ի 3-րդ աշխատանքային խմբի համակարգող Էլչին Սուլթանովը ներկայացրել է, որ իրենց խումբը Ադրբեջանի կառավարության հետ համագործակցությամբ ռազմական գործողությունների դադարից հետո իրականացրել է «Ղարաբաղի բնության վիճակի մոնիտորինգ» եւ արձանագրել, որ ոչնչացվել է 110 հազար հա անտառ ու վարելահող, Զանգելանի տարածքում գտնվող Բասիտչայ պահպանվող տարածքի հազվագյուտ արեւելյան սոսիների անտառը: Բանախոսի մշտադիտարկման հիման վրա պատրաստվել է փաստաթուղթ, որը հաստատվել է ԱլԳ ՔՀՖ Ադրբեջանի ազգային պլատֆորմի քարտուղարության կողմից:
Պանելային քննարկման վերջում ելույթ է ունեցել ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ԱՊ 3-րդ խմբի համակարգող Մարի Չաքրյանը: Նա, հաշվի առնելով քարտուղարության արցախյան հակամարտության հարցը հարթակում քննարկման առարկա չդարձնելու հորդորները, թվարկել է ՀՀ բնապահպանական մարտահրավերները, այդ թվում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների պատճառով սահմանամերձ հատվածների ու պահպանվող տարածքների տասնյակ հեկտարներով անտառների հրդեհումը՝ մատնանշելով, որ վտանգված են այդ տարածքներում բնակվող վայրի կենդանիները, էնդեմիկ տեսակները:
Տրանսպորտային ոլորտի խնդիրների թվում նա առանձնակի ուշադրություն է հրավիրել սահմանամերձ ճանապարհներով Հայաստանի ու Արցախի քաղաքացիների անվտանգ երթեւեկության խնդրի վրա, նշել թե՛ քաղհասարակության, թե՛ մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված փաստերի մասին: Չաքրյանը կոչ է արել գործընկերներին, առաջին հերթին Ադրբեջանի ՔՀՖ ԱՊ 3-րդ խմբի անդամներին, օգտագործել քաղհասարակության այս հարթակը նպատակին համահունչ եւ համագործակցել ադրբեջանական ագրեսիան չեզոքացնելու կամ գոնե մեղմացնելու ուղղությամբ:
Հանդիպման զեկույցում, սակայն, Մարի Չաքրյանի այս շեշտադրումները տեղ չեն գտել, մինչդեռ Ադրբեջանի ներկայացուցչի՝ Արցախի տարածքում իբրեւ թե կատարված մշտադիտարկման վերաբերյալ ելույթն արձանագրվել է:
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Հայաստանի ԱՊ 3-րդ խմբի անդամներն արտահերթ նիստ են հրավիրել եւ հանդես եկել հայտարարությամբ, որում ընդգծել են քարտուղարության միակողմանի մոտեցումը եւ պահանջել Ադրբեջանի ԱՊ ներկայացուցչի պահվածքը որակել որպես քաղհասարակության այս հարթակը քաղաքականացնելու փորձ: Հայաստանի աշխատանքային խմբի համակարգողը նաեւ խնդրել է վերանայել զեկույցը եւ ավելացնել իր հնչեցրած կարեւոր շեշտադրումները:
Հաջորդիվ՝ մայիսի 25-27-ը, կրկին առցանց ձեւաչափով տեղի է ունեցել պլատֆորմի 1-ին՝ մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող աշխատանքային խմբի հանդիպումը:
Հայաստանի ԱՊ 1-ին խմբի համակարգող Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրել է մարդու իրավունքների, անվտանգության, գերիների եւ ներքին տեղահանվածների խնդիրները, Ադրբեջանի հրահրած պատերազմի պատճառով հաշմանդամություն ձեռք բերած անձանց խնդիրները եւ հատկապես հարեւանության երկրների քաղհասարակության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանի զինված ուժերը փաստացի ներխուժել են ՀՀ տարածք ու հավակնություններ են ներկայացնում արդեն ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ: Ադրբեջանի ներկայացուցիչներն առաջարկել են այս հարցերը քննարկել հարթակից դուրս՝ այլ ձեւաչափով: Մինչդեռ Սյուզաննայի կողմից նշված խնդիրները քաղաքացու ֆիզիկական անվտանգությանն են առնչվում, ինչն աշխատանքային խմբի առաջնային թեման է:
Այսօր ավարտվել է 2-րդ՝ տնտեսական հարցերով ԱԽ աշխատաժողովը: Հայաստանի ԱՊ անդամները խոսել են Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով Հայաստանի կրած տնտեսական վնասների մասին, որոնց ադրբեջանական կողմը ոչ մի կերպ չի արձագանքել: Հարթակի անդամները, ղեկավար կազմը եւ աշխատաժողովի բանախոսներն անարձագանք են թողել նաեւ Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների հարցադրումներն ու առաջացած ճգնաժամի հաղթահարման առաջարկությունները:
Տեղեկացնենք, որ թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ դրանից հետո ՔՀՖ պլատֆորմի անդամներն անպատասխան են թողել կամ չեն ընդունել 44-օրյա պատերազմի հետեւանքով Հայաստանի քաղհասարակության բարձրացրած ինչպես գերիների խոշտանգման, քաղաքացիական անձանց սպանությունների, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման, բնակչության տարածքային պատկանելիության մշակութային ապացույցները վերացնելու, տնտեսական ու բնապահպանական վնասների վերաբերյալ ահազանգերը:
Այսուհանդերձ, մեզ հետ զրույցում Հայաստանի ԱՊ 1-ին խմբի համակարգող Սողոմոնյանը նշեց, որ Հայաստանը, տվյալ դեպքում քաղհասարակությունը, պետք է օգտագործի բոլոր հնարավոր հարթակները թվարկված եւ հատկապես գերիների անհապաղ վերադարձի հարցը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար: Ու թեև ԱլԳ ՔՀՖ-ն չունի այս հարցերը լուծելու մանդատ, այնուհանդերձ, քաղաքացիական հասարակությունն այն ուժն է, որը կարող է ազդեցություն ունենալ որոշումների կայացման վրա: