Պաշտոնական Մոսկվան հերքել է S-400 համակարգերը սպասարկող ռուսաստանցի մասնագետների՝ Թուրքիայից վտարման մասին տեղեկությունները։
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը ռուս մասնագետների հնարավոր արտաքսման որոշումը կապել էր թուրքական իշխանությունների վրա ամերիկյան կողմի ճնշման հետ։ Ըստ գործակալության՝ ԱՄՆ-ին հաշտության ուղերձ հղելու նպատակով Անկարան ռուսական S-400 ՀՕՊ համակարգի փորձագետներին հորդորել է լքել երկիրը:
Ռուսաստանցի ռազմական մասնագետները թուրք զինվորականների համար վարժանքներ են իրականացնում՝ օգնելով նրանց տիրապետել S-400 համակարգերի շահագործման հմտություններին:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ տարաձայնություններ առաջացան S-400 ՀՕՊ համակարգերի գնման կապակցությամբ, որոնք շարունակվում են նաեւ հիմա:
ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության խոսնակ Վալերիա Ռեշետնիկովան հայտարարել է, որ S-400 համակարգերի վաճառքի պայմանագրի շրջանակում Թուրքիա գործուղված մասնագետների վերադարձը հայրենիք իրականացվելու է ըստ նախապես համաձայնեցված կարգացանկի։
Bloomberg գործակալությունը մեջբերել էր Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հայտարարությունը, ըստ որի՝ «S-400 համակարգերը 100-տոկոսով թուրքական վերահսկողության տակ են լինելու։ Ռուսաստանցի մասնագետները Թուրքիայում չեն մնա»։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան մտադիր չէ իրականացնել ԱՄՆ բոլոր ցանկությունները եւ հակաթուրքական պատժամիջոցները վերացնելու համար օրակարգից հանել հրթիռային համակարգի հարցը: