Ըստ բրիտանական BBC News-ի՝ NASA-ն հայտարարել է, որ Վեներա մոլորակի մթնոլորտը եւ երկրաբանական առանձնահատկություններն ուսումնասիրելու նպատակով երկու նոր առաքելություն է ուղարկում այնտեղ:
«NASA-ն երկու նոր առաքելություն է ընտրել դեպի Վեներա, որը Երկրին ամենամոտ հարեւան մոլորակն է: Առաքելությունների նպատակն է հասկանալ, թե Վեներան ինչպես է դարձել դժոխք, երբ նա մեր մոլորակի բնութագրերին նման այդքան բնութագրեր ունի»,- նշված է NASA-ի կայքում:
Davinci+ եւ Veritas առաքելությունները, որոնցից յուրաքանչյուրը ստացել է 500 միլիոն դոլարի ֆինանսավորում, կյանքի կկոչվեն 2028-2030 թվականներին:
Davinci+ առաքելությունը կուսումնասիրի մթնոլորտի բաղադրությունը՝ հասկանալու համար, թե ինչպես է այն ձեւավորվել եւ զարգացել:
Երկրորդ՝ Veritas առաքելությունը կմշակի մոլորակի մակերեւույթի քարտեզը՝ սալաքարերի շարժման եւ Վեներայի վրա դեռեւս ակտիվ հրաբուխների առաջացման գործընթացը հայտնաբերելու համար:
Վերջին անգամ 1990-ին է առաքելություն ուղարկվել Վեներա մոլորակ՝ «Մագելան» ուղեծրային զոնդը: