Բեռլինում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը գերմանական Loyal ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ Գերմանիան Ուկրաինայի՝ ՆԱՏՕ եւ ԵՄ անդամակցության հարցում հանդես է գալիս ընդդեմ Ուկրաինայի, քանի որ վախենում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից:
Մինչդեռ, ըստ դիվանագետի, Հյուսիսատլանտյան դաշինքին միանալը Ուկրաինայի անվտանգությունը ապահովելու միակ հնարավորությունն է:
«Ցավոք, մեր գերմանացի գործընկերները համամիտ չեն այդ հայեցակարգի հետ, քանի որ վախենում են, թե Կիեւին աջակցելով՝ կսադրեն Կրեմլին»,- ընդգծել է դիվանագետը:
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալն էլ այսօր Թբիլիսի կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի եւ Վրաստանի մուտքը ՆԱՏՕ եւ Եվրամիություն զուտ ժամանակի խնդիր է:
«Կիեւն ու Թբիլիսին ռազմավարական գործընկերներ են, իսկ Ռուսաստանի կողմից Սեւ ծովի ավազանում ձեռնարկվող ագրեսիվ քայլերը ստիպում են Վրաստանին եւ Ուկրաինային էլ ավելի սերտացնել երկկողմ կապերը»,- ասել է Ուկրաինայի վարչապետը։