Բելառուսի ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազը հայտարարել է, որ երկրի արտգործնախարարությունը Վաշինգտոնին տեղեկացրել է ամերիկյան պատժամիջոցների դեմ պատասխան միջոցներ սահմանելու մասին:
Մայիսի 29-ին ԱՄՆ-ն հայտարարել էր Ryanair ավիաընկերության օդանավի միջադեպի կապակցությամբ Բելառուսի հետ օդային հաղորդակցության մասին միջկառավարական համաձայնագրի գործողությունների դադարեցման, այսօր էլ՝ 9 բելառուսական կազմակերպությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին:
«Որպես ինքնիշխան երկիր՝ մենք չենք կարող անուշադրության մատնել տվյալ ոչ բարեկամական արարքը: Այդ պատճառով այսօր ԱԳՆ է հրավիրվել ԱՄՆ հարցերով ժամանակավոր հավատարմատարը, որին հայտնել են պատասխան միջոցների մասին»,- նշված է Բելառուսի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Մինսկը, ի պատասխան, կրճատել է ԱՄՆ դիվանագիտական առաքելության անձնակազմը: Բացի դրանից՝ սահմանափակվում է ամերիկացի մասնագետների աշխատանքը, եւ չեղարկվում է Բելառուսում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աշխատանքի մասին որոշումը: