Նախընտրական թոհուբոհում միջին վիճակագրական քաղաքացին, երեւի, կենտրոնանում է կուսակցությունների/դաշինքների առաջնորդների վրա: Եթե ՀԱԿ, ապա առաջին նախագահ: «Հայաստան» դաշինքն ասոցացվում է Ռոբերտ Քոչարյանի, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ Սերժ Սարգսյանի հետ, թեեւ վերջինս ֆորմալ առումով ընտրապայքարի մասնակից չէ: ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանն է, ԱԺԲ-ն՝ Ժիրայր Սեֆիլյանը, թեև պաստառներին ավելի շատ Արա Պապյանն է նկարված:
Այսպես կարող ենք հասնել մարդ-կուսակցություններին: Նրանց անելիքը քվե փախցնելն է: Ունեն իրենց ֆավորիտը, գործում են նրա հրահանգներով: Երեւի թե նաեւ՝ ֆինանսներով եւ մեդիառեսուրսներով:
Ընդհանուր պատկերի մեջ առանձնանում է Հայ ազգային կոնգրեսը: Դեռեւս Հայրենիքի փրկության շարժման հայտնությամբ էր պարզ, որ քաղաքական դաշտի հնարավոր հիմնական դերակատարները մի ընդհանուր մրցակից ունեն՝ ՀԱԿ-ը: Ավելի ճիշտ՝ Հանրապետության հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Պատճառը մեկն է. Հայաստանի կրիտիկական իրավիճակի համար գրեթե բոլոր քաղաքական ուժերը պատասխանատու են: Իրենց գործունեությամբ եւ անգործունեությամբ, հարմարվողականությամբ եւ վարձահրավիրվածությամբ, կոլաբորանտությամբ եւ գործակալությամբ:
Միակ գաղափարախոսությունը, որ զերծ է նման պատասխանատվությունից, Հայ ազգային կոնգրեսինն է: Միակը, որ տոտալ հիստերիայի պայմաններում անգամ չի խորշել ճշմարտությունը բարձրաձայնելուց, զգուշացրել է, հորդորել: Պատրաստ է եղել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում սատարել այն իշխանությանը, որի հետ գաղափարական-քաղաքակրթական անհաղթահարելի տարաձայնություններ ունի: Ահա այս ուղղության, Հայաստանում ողջախոհության ճրագի դեմ է, որ համախմբված են գործող իշխանությունը եւ նրա ամենաարմատական քննադատները՝ ի դեմս երկրորդ նախագահի եւ ՀՅԴ-ի ու նրանց հարող զանազան խմբերի ու անհատների:
Պարադոքսն, ահա, սա է: Եթե Հայաստանի համար գերկենսական կարեւորության հարցում նրանք գաղափարակից են, ապա որտե՞ղ են տարակարծիք: Հայաստանի ապագայի նրանց պատկերացումը նույնական է՝ համախմբում, ռեսուրսների ներգրավում, անվտանգային միջավայրի բարելավում, կորցրածի մի մասի վերադարձ եւ այլն:
Սա պոպուլիզմ է: Իսկ եթե խորքով գնահատենք՝ հայ ժողովրդի հասցեին ծաղրախոսություն: Այդ մարդիկ, կոպիտ ասած, հանրությանը հիմարի տեղ են դնում: Նրանք մարդկանց վերաբերվում են որպես «կառավարելի զանգվածի»:
Անգիտակից, անղեկ, որին կարելի է եւս մեկ անգամ հուսավառել, իսկ հետո մատնել բախտի քմահաճույքին: Ինչ-որ տեղ կարդացել են, որ ՄԱԿ-ի ստեղծումից ի վեր աշխարհում ոչ մի պետություն չի վերացել: Ուրեմն չի վերանա նաեւ Հայաստանը, а там видно будет:
Գուցե Համաշխարհային բանկը կամ Արժույթի միջազգային հիմնադրամը խղճան, մեկ-երկու միլիարդ դոլարի անտոկոս փոխառություն հատկացնեն: Կամ Ռուսաստանն արտոնի, որ էթնիկ հայ միլիարդատերերը սկսեն ներդրումներ անել:
Կամ էլ հանկարծ ԱՄՆ-ն թույլ տա, որ Լինսի հիմնադրամի նման մի բան կազմավորվի:
Գյումրիում համակիրների հետ հանդիպմանը երկրորդ նախագահը հո զո՞ւր չէր հիշում ինչ-որ բարերարի զանգ եւ իր հրճվանքը. «Այ ցավդ տանեմ, բա մենք էլ քեզ նմանին ենք սպասում, է՜»: Այդպես Գյումրիում մի դպրոց ու խաղահրապարակ կարելի էր կառուցել կամ եղածը բարեկարգել, բայց դա աղետի գոտու խնդրի լուծման երաշխիք չէր:
Եվ չեղավ: Այդ կերպ՝ բարերար կամ ներդրող «կպցնելով», տնտեսություն չես զարգացնի:
Եվ դե ֆակտո իշխանությունն էլ նույն հույսն է փայփայում, թե «մեզ կօգնեն»: Երեւի դրա համար է Նիկոլ Փաշինյանը հպարտանում… պարտությամբ: Չէ՞ որ գրեթե այն վիճակին ենք, ինչ անցյալ դարի քսանականներին, երբ Հայաստանում, ճիշտ է, իշխանությունը բոլշեւիկյան էր, բայց արեւմտահայ որբերին շարունակում էր կերակրել Ամերկոմը՝ Մերձավոր Արեւելքում ամերիկյան օգնության կոմիտեն:
Դա, սակայն, հույս է, կարող է իրականանալ, կարող է՝ ոչ: Իսկ երկիրը պիտի թոթափի պարտության «մաղձը»: Երկիրը պիտի կարողանա աշխարհի հետ հաղորդակցության ամենապահանջված՝ արժանապատիվ խաղաղության, բարիդրացիության, փոխգործակցության եւ փոխշահավետ համակեցության լեզուն գտնել: Խոսքը, որով ձեւակերպվում է հնարավոր նպատակը:
Այս խոսքի անգամ ամենահեռավոր զգացողություն ո՛չ Նիկոլ Փաշինյանն է փոխանցում կամ գոնե ազդանշում, ո՛չ էլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Թե մյուսներն ինչ են ասում, էական չէ: Բացի ՀԱԿ-ից՝ նրանք կա՛մ Փաշինյանին են աջակցում, կա՛մ երկրորդ նախագահին: Եվ բոլորը ողջախոհությունից փախչում են, ինչպես սատանան՝ խունկից: Քանի որ այդ տիրույթում ասելիք եւ անելիք չունեն:
Վստահաբար կարելի է ասել՝ միջազգայնորեն մերժված են: Եվ այդքանով էլ ձեռնտու են ուժային կենտրոններին: Որովհետեւ մերժվածին արարողակարգային ընդունելություն ցույց տալն արդեն իսկ մեծ զիջում է ընդունողի կողմից, որի դիմաց նա ընդունվողից իր համար առավելագույնն է կորզելու՝ երբեք ցույց չտալով, թե ինչ-որ բան է պահանջում: Ո՛չ, պարզապես դա է կրիտիկական իրավիճակից միակ հնարավոր ելքը:
Սա է զարհուրելին, երբ մարդիկ ասում են՝ «հաղթելու ենք»: Երբեմն էլ՝ «հաղթելուվ ենք»: Ո՞ւմ են հաղթելու: Նրանց իրական մրցակիցը Հայաստանն է, հայ քաղաքակրթությունը, հայ ինքնությունը, հայկականությունը: Այն հիմնասյուները, որոնց վրա կառուցված է անկախ Հայաստանը:
Այդ Հայաստանն այլընտրանք չունի, բացի՝ որ երկունքի ճիգով համախմբի բոլոր ուժերն ու բոլոր ողջախոհներին, որպեսզի աշխարհ բերի Հույսը: Միակ հնարավորը պարտության հետ ժողովրդի բռնի հաշտեցումը չէ: Կա պրագմատիկ այլընտրանք՝ հաղթել ներքին դեգրադացմանը եւ քայլ առ քայլ գնալ վերագտնումի դժվար ճանապարհով:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։