Երբեւէ փորձե՞լ եք կարդալ ՀՀ ընտրական օրենսգրքի (ի դեպ, այն սահմանադրական օրենքի կարգավիճակ ունի) Ազգային ժողովի ընտրություններին վերաբերող գլուխը եւ հատկապես այն հոդվածները, որ վերաբերում են ընտրությունների արդյունքները ամփոփելուն, մանդատները բաշխելուն, բաշխելուց հետո հնարավոր նոր կոալիցիաների ձեւավորմանը կամ ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելուն։
Չէ՛, չէ՛, հանգի՛ստ եղեք, ես ձեզ չեմ տանջի Ընտրական օրենսգրքի հոդվածներն այստեղ մեջբերելով։ Պարզապես հավատացե՛ք իմ խոսքին, որ դրանք հասարակ մահկանացուներիս ուղեղների համար չեն, եւ դրանցից գլուխ կարող են հանել երեւի միայն օրենսգրքի հեղինակները, Մուկուչյանն ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մյուս անդամները, ինչպես նաեւ ընտրություններին մասնակցող կուսակցությունների իրավական խորհրդատուները։ Մնացածներիս այդ ճապաղ նախադասությունները ոչինչ չեն ասում։
Բայց սա թողնենք իրավաբաններին, սահմանադրագետներին, նաեւ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու դաշինքներին։
Մենք հիմա կխոսենք ՀՀ օրենսդրության եւ մանավանդ ընտրական օրենսդրության մի բացի մասին, որի հետեւանքով որոշ քաղաքական ուժեր, հատկապես այդ պահին իշխանություն ունեցողները եւ իշխանություն չունեցող, բայց մեծ ֆինանսական միջոցների տիրապետողները, առավելություն են ստանում մյուսների համեմատ։
Խոսքը քաղաքական գովազդի եւ ընտրությունների շրջանում դրա դրսեւորման՝ նախընտրական քարոզչության մասին է։
Հայաստանում, ինչքան էլ զարմանալի թվա, «քաղաքական գովազդ» հասկացությունը ընտրությունների ժամանակաշրջանից դուրս որեւէ կարգավորում չունի։ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի հենց առաջին հոդվածում ասված է. «Սույն օրենքը չի կարգավորում քաղաքական գովազդի հետ կապված հարաբերությունները»:
Ընտրական օրենսգրքի 4-րդ գլուխը (19–22-րդ հոդվածներ) սահմանում է նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները, իսկ 16-րդ գլուխը (92–93-րդ հոդվածներ) կարգավորում է նախընտրական քարոզչությունը Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ։
Եվ ստացվում է, ահա, որ մնացած ժամանակաշրջանում, հատկապես ընտրություններ հայտարարվելու օրվանից մինչեւ քարոզչության պաշտոնական ժամանակաշրջանի սկսվելը, ինչքան ասես կարելի է քարոզչություն անել, հանդիպումներ ունենալ, պաստառներ փակցնել, եւ դա չի համարվի նախընտրական քարոզչություն, որովհետեւ…
Այ, հիմա տեղին է հիշել, որ տարիներ առաջ, երբ ներկա իշխանությունը ընդդիմություն էր, բողոքում էր, թե իշխող կուսակցությունը պաստառներ է փակցնում եւ, ըստ էության, նախընտրական քարոզչություն է սկսել մինչ քարոզչության պաշտոնական մեկնարկը։ Այն ժամանակ ԿԸՀ նախագահ Մուկուչյանն էլ իրեն բնորոշ անվրդով դեմքով ասում էր, թե դա քարոզչություն չէ, որովհետեւ, ըստ Ընտրական օրենսգրքի, նախընտրական քարոզչություն է կոչվում միայն սահմանված ժամանակաշրջանում քարոզչությունը։ Մուկուչյանը հիմա էլ հայտարարում է, թե դա խախտում չէ, եւ իրենք խախտումները կարող են արձանագրել միայն քարոզչության պաշտոնական մեկնարկից հետո։
Եվ ահա, նախկինում ընդդիմություն, իսկ հիմա իշխող կուսակցությունն իր կարգախոսով պաստառները մի ամիս է փակցրել է ամենուր, դրա ղեկավարը քարոզչություն է անում մարզերում եւ մայրաքաղաքի կուսակցական գրասենյակներում, բայց, կարծես, առանձնապես չի նեղվում, որ քարոզչություն է սկսել դեռ նախընտրական քարոզչության մեկնարկից շատ առաջ։ Էլ չենք ասում, որ մարզեր է գնում հարկատուներիս հաշվին՝ շարասյունով, պահակախմբով եւ այլն, բայց ոչ թե իր անմիջական վարչապետական պարտականությունները կատարելու, այլ կուսակցական քարոզչության համար։
Սա վարչական ռեսուրսի չարաշահում չէ՞։
Օրենսդրական բացից օգտվում են նաեւ փող ունեցող կուսակցությունները։ Ընդամենը որոշակի գումարով գնում են գովազդային վահանակ եւ տեղադրում իրենց գովազդը։ Կամ գնում են հանդիպումների եւ նախընտրական քարոզ անում։ Դա արգելված չէ ոչ մի օրենքով։ Իսկ այն, ինչ արգելված չէ, թույլատրվում է։
Տարիներ առաջ, այս խնդիրը նկատի ունենալով, մենք առաջարկում էինք արգելել քաղաքական գովազդը ընտրություններ հայտարարվելու օրվանից մինչեւ նախընտրական քարոզչության մեկնարկի օրը։ Կարկառուն իրավաբանները մեզ ասացին, թե չեն կարող ոտնահարել քաղաքական գովազդ տարածելու կուսակցությունների իրավունքը։ Իսկ որ 4-5 կուսակցության իրավունքը չոտնահարելու պատճառաբանությամբ ոտնահարվում է մյուս՝ ֆինանսական հնարավորություններ չունեցող 15-20 քաղաքական ուժերի քարոզչության իրավունքը եւ նրանց դնում անհավասար պայմաններում, իրավաբաններին չէր մտահոգում։
Եվ ահա, ստացվում է, որ այդ «արգելված չէ»-ից օգտվում են միայն իշխանությունը եւ փող ունեցողները, իսկ տուժում են մեծ ֆինանսական միջոցների չտիրապետող քաղաքական ուժերը, որոնք սպասում են նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկին, որպեսզի օգտվեն հանրայինի անվճար եթերաժամանակից՝ իրենց քարոզչությունն անելու համար։
Ճար չունեն։
Հ. Գ. Ընտրական օրենսդրության մի մեծ բաց է նաեւ այսպես կոչված «լռության օրը»։ Համացանցի զարգացման ներկա պայմաններում սրա անախրոնիզմ լինելու մասին բազմիցս ենք խոսել, պահանջել վերացնել այդ անհեթեթ սահմանափակումը։ Բայց իշխանությունները ոչ մի կերպ չեն գնում դրան։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։