Ռուսաստանի զբոսաշրջության միությունը հաշվարկել է, որ միայն հունիսին Թուրքիայի զբոսաշրջային ոլորտը մոտ 334 միլիոն ԱՄՆ դոլարին հասնող վնաս է կրել ռուս զբոսաշրջիկներին կորցնելու պատճառով։
Ռուսաստանը երկարաձգել է դեպի Թուրքիա թռիչքների արգելքն առնվազն մինչեւ այս տարվա հունիսի 21-ը: Ընդ որում, հայտնի չէ՝ արդյոք դրանից հետո թռիչքները կվերսկսվե՞ն, ուստի ավելի ուշ ժամանակահատվածի համար նախօրոք արված ամրագրումները նույնպես կարող են չեղարկվել։
Թուրքիայում զբոսաշրջային ոլորտի աշխատողները հույս չունեն, որ մինչեւ հունիսի 30-ը Ռուսաստանի հետ հաղորդակցությունը կվերաբացվի:
Daily Sabah-ը գրում է, որ թուրքական զբոսաշրջային ընկերությունների հաշվարկներով միայն այս ամսվա ընթացքում կորուստները կգերազանցեն կես միլիարդ դոլարը։
Թուրքիայի զբոսաշրջային գործակալությունների միության տարածաշրջանային ներկայացուցիչների խորհրդի նախագահ Ֆերիտ Տուրգուտը նախազգուշացնում է, որ դա եւս լրացուցիչ վնասներ կհասցնի ոլորտին։
Նրա գնահատմամբ՝ ապրիլի 15-ից մինչեւ հունիսի 21-ը ռուսաստանցի զբոսաշրջիկներ չունենալու հետեւանքով տեղական զբոսաշրջության ոլորտի կորուստների ընդհանուր թիվը կգերազանցի 2 միլիարդ դոլարը:
Թուրքիայում համարում են, որ արգելքը ավելի շուտ քաղաքական է եւ կապված է Անկարայի՝ Ուկրաինային ԱԹՍ-ներ վաճառելու հետ: Ռուսական կողմը հայտարարել է, որ դեպի Թուրքիա թռիչքները չեղարկվում են համավարակային իրավիճակի անորոշությամբ պայմանավորված։
Ռուսական S7 եւ Aeroflot ավիաընկերություններն ամբողջությամբ չեղարկել են ամառային սեզոնի բոլոր թռիչքները եւ դադարեցրել տոմսերի վաճառքը։
Ռուսաստանը զբոսաշրջային այլընտրանքային շուկաների հետ է սկսել խորացնել համագործակցությունը եւ մոտ 500 չարտերային թռիչք է իրականացրել տարբեր ուղղություններով: Ամենաշատ թռիչքների թույլտվություն ունեցող երկրներն են Բուլղարիան, Հունաստանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները:
Թուրքիայում զբոսաշրջությունը հսկայական եկամուտներ է բերում։ Միայն անցած տարի զբոսաշրջիկների թվի կտրուկ նվազումից զբոսաշրջությունը կորցրեց ավելի քան 10 միլիարդ դոլար, աշխատանքից զրկվեց ոլորտը սպասարկող 320 հազար մարդ։ Անթալիան նախորդ տարիների համեմատ 5 անգամ ավելի քիչ արտասահմանցի զբոսաշրջիկների ընդունեց։