Ըստ «Sputnik Ղրղզստանի»՝ Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին իրավիճակը կրկին լարված է։ Պաշտոնական Բիշքեկը Դուշանբեին մեղադրել է պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հարցերի շուրջ միջկառավարական պայմանավորվածությունները խախտելու համար:
Ղրղզստանի սահմանապահ ծառայությունն ահազանգել է, որ հունիսի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 03:00-ի սահմաններում, տաջիկական կողմը սկսել է կոնտեյներ տեղադրել Օշակոյի մարզի Չոն-Ալայսկի շրջանի Ունժու-Բուլակ տեղանքի սահմանապահ հատվածում՝ մինչեւ մեկ կիլոմետր առաջ շարժվելով դեպի Ղրղզստանի տարածքի խորքը։
Բացի դրանից՝ Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը սահմանի տաջիկական կողմում զինծառայողների անձնակազմի՝ ավտոմոբիլային եւ թեթեւ զրահատեխնիկայով կուտակումներ է նկատել:
«Տաջիկական կողմը կոնտեյները թողել է տվյալ տեղանքում՝ պետական սահմանի չնկարագրված հատվածում, եւ դրանից 600 մետր հետ է քաշվել։ Ղրղզստանի կողմից միջոցներ են ձեռնարկվում սահմանային ներկայացուցիչների մակարդակով իրադրության կարգավորման ուղղությամբ, սակայն Տաջիկստանի սահմանապահ ներկայացուցիչները չեն պատասխանում հեռախոսազանգերին»,- ասված է Ղրղզստանի սահմանապահ ծառայության հաղորդագրության մեջ։
Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին տեղակայված սահմանապահ ստորաբաժանումները անցել են ծառայության ուժեղացված ռեժիմի:
Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանամերձ շրջանների բնակիչների հակամարտությունը՝ ջրաբաշխիչ կետի մոտ տեսահսկման սարքեր տեղադրելու պատճառով, ապրիլի 28-ին վերածվել էր երկու երկրների զինվորականների զինված դիմակայության:
Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահների միջեւ բախումները տեւել են ավելի քան 6 ժամ։ Ըստ տեղեկությունների` երկու կողմից 50 մարդ է սպանվել, ավելի քան 200-ը՝ վիրավորվել:
Ապրիլի 29-ի երեկոյան պայմանավորվել են կրակը դադարեցնել և զինվորականներին հետ քաշել սահմանից, սակայն հաջորդ օրը փոխհրաձգությունը վերսկսվել է:
Հերթական զինադադարը ձեռք է բերվել ապրիլի 30-ի երեկոյան։ Տաջիկստանի բոլոր զինվորականները մայիսի 1-ին լքել են Ղրղզստանի ինքնիշխան տարածքը։