ԱՄՆ սենատորներ դեմոկրատ Ջին Շահինը եւ հանրապետական Ռոբերտ Փորթմանը Վրաստանում եղել են Հարավային Օսիայի հետ շփման գծում, տեղում ծանոթացել իրավիճակին:
Ջին Շահինն ասել է, որ իր աչքով տեսավ Ռուսաստանի կողմից բռնակցված Հարավային Օսիան, ռուս զինվորներին ու Վրաստանի դեմ ուղղված ռուսական զենքը։
«Անվիճելի է, որ Ռուսաստանը ցանկանում է ահաբեկել ու սպառնալ տարածաշրջանի՝ եվրոատլանտյան ինտեգրման ուղղությամբ ընթացող երկրներին, որովհետեւ նրանք ավելի լավ կյանք են ակնկալում Արեւմուտքի հետ, քան կարող է առաջարկել Ռուսաստանը»,- ընդգծել է Ջին Շահինը:
Սենատոր Շահինը հայտարարել է, որ երկրներին ահաբեկելու մարտավարությունը Ռուսաստանը կիրառում է նաեւ Ուկրաինայում, որտեղ բռնակցել է Ղրիմն ու շարունակում է հակամարտությունը Դոնբասում։
Սենատորն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները Վրաստանի ուժեղ գործընկերն է, ցանկանում է օգնել ու աջակցել Վրաստանի ձգտումներին։