Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում հայտարարել է «Հյուսիսային հոսք-2» գազատարի առաջին գծի կառուցման ավարտի մասին։
55 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ գազատարի առաջին գծի աշխատանքների ավարտի մասին Պուտինին տեղեկացրել են նրա ելույթից 2,5 ժամ առաջ։
«Գազպրոմ»-ը նախատեսում է Ուկրաինան շրջանցող եւ Բալթիկ ծովի հատակով ձգվող այս գազատարով Գերմանիա հասցնել եվրոպական երկրներին մատակարարվող ռուսական գազի շուրջ 25 տոկոսը։ «Հյուսիսային հոսք-2» անվամբ 1200-կիլոմետրանոց խողովակաշարի շահագործման վերաբերյալ մշտապես դեմ են արտահայտվել Ուկրաինան, ԱՄՆ-ն, Եվրամիության մի շարք երկրներ:
Նրանք մտավախություն ունեն, որ Մոսկվան գազատարը վաղ թե ուշ օգտագործելու է Եվրամիության եւ Ուկրաինայի վրա ճնշումներ գործադրելու եւ ցանկալիին հասնելու համար։
Ավելի վաղ ուկրաինական անգլալեզու Kyiv Post պարբերականը «Հյուսիսային հոսք-2» գազատարը «մասնավոր բիզնես նախագիծ» էր անվանել՝ ակնարկելով Ռուսաստանի հետ հարաբերությունները չփչացնելու Եվրոպայի մտադրությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2019-ի դեկտեմբերին ստորագրել էր օրինագիծ, որը սահմանափակումներ էր մտցնում «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի շինարարությանը մասնակցող ընկերությունների եւ անձանց նկատմամբ։
Դրան հաջորդել էր շվեյցարական Allseas ընկերության՝ աշխատանքները դադարեցնելու մասին հայտարարությունը: Այնուհետեւ ընկերությունն իր նավերը հանել էր Բալթիկ ծովի այն հատվածից, որտեղ ընթանում էին գազատարի կառուցման աշխատանքները։
Պաշտոնական Մոսկվան հայտարարել է, որ դիմելու է պատասխան քայլերի. դրա մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Վաշինգտոնի որոշումը քննադատել է նաեւ Գերմանիան։
Սակայն Բայդենի վարչակազմը գազատարի օպերատորի հանդեպ պատժամիջոց չի սահմանել՝ պարզաբանելով, որ չի ցանկանում գժտվել Գերմանիայի ու մյուս դաշնակիցների հետ, որոնք կողմ են գազատարի շահագործմանը։
Բայդենի վարչակազմի այդ դիրքորոշումը քննադատվել է ԱՄՆ Կոնգրեսում։
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը