Առողջապահության համաշխարհային կազմակերպության Արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը հայտարարել է, որ աշխարհում կորոնավիրուսային իրավիճակը դեռեւս աղետալի է, երկրները չպետք է թուլացնեն զգոնությունը, եւ անհրաժեշտ է պահպանել անվտանգության միջոցառումները:
«Իրադրությունը բարդ է, եւ թեեւ հիվանդացության դեպքերը ընդհանուր առմամբ նվազում են, համավարակը դեռ չի նահանջում: Աշխարհը պետք է շարունակի լուրջ միջոցներ ձեռնարկել այս լուրջ աղետին դիմակայելու համար, անհրաժեշտ է պատրաստվել նաեւ ապագա համավարակներին: Այլապես ստիպված կլինենք շատ թանկ վճարել»,- ասել է Ռայանը այսօր Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի «Ապագայի համավարակները: Պատրաստության ռազմավարությունները» նստաշրջանում:
ԱՀԿ պաշտոնյան ընդգծել է, որ վերջին հինգ շաբաթում Ասիայում եւ Կենտրոնական Ամերիկայում հիվանդացության զգալի աճ է նկատվում: Բացի դրանից՝ խնդիր է նաեւ պատվաստանյութերի անհավասարաչափ բաշխումը: «Մենք տեսնում ենք, որ անհավասարությունը ոչ միայն պատվաստանյութերի բաշխման հարցում է, այլեւ առողջապահության ծառայությունների մատուցման գործում եւ սոցիալական այլ հարցերում»,- հավելել է ԱՀԿ Արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրենը: