Ըստ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գրասենյակի տարածած հայտարարության՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցի կողմից իր էջն առնվազն մինչեւ 2023-ն արգելափակելու մասին որոշումը Թրամփը վիրավորանք է համարել նախորդ տարի նախագահական ընտրություններին իր օգտին քվեարկած ավելի քան 75 միլիոն ամերիկացիների համար:
«Նրանք չեն մարսի այդ գրաքննությունը, ի վերջո մենք կհաղթենք: Միացյալ Նահանգներն այլեւս չի կարող հանդուրժել նման ծաղրանքը»,- հայտարարել է Թրամփը:
Ֆեյսբուքի ղեկավարության որոշմամբ՝ հունիսի 4-ից արգելափակվել են Թրամփի օգտահաշիվներն այդ սոցիալական ցանցում: Նախկին նախագահը իր հաշիվները վերականգնելու իրավունք կունենա միայն երկու տարի անց, այն էլ եթե հստակորեն պահպանի Ֆեյսբուքի սահմանած կանոնները:
2021-ի հունվարի 6-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խռովություններից հետո «Ֆեյսբուք» ընկերությունը Թրամփին զրկել էր սոցիալական ցանցի իր էջերում հրապարակումներ անելու հնարավորությունից: