ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վերջին շրջանում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ նախաձեռնել են հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող սահմանային հատվածներում ամրաշինական աշխատանքներ իրականացնելու փորձեր, որոնք, սակայն, ժամանակին կանխվել են հայկական ստորաբաժանումների համապատասխան գործողություններով։
«Մասնավորապես հունիսի 3-ին Ադրբեջանի զինված ուժերը փորձել են տրակտորով որոշակի հողային աշխատանքներ իրականացնել սահմանային հատվածի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հայկական ստորաբաժանումների նախազգուշական կրակոցներից հետո աշխատանքները դադարեցվել են։ Ադրբեջանական կողմին հստակ պահանջ է ներկայացվել նման փորձերի կրկնությունը բացառելու վերաբերյալ»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։
ՀՀ ՊՆ-ն ընդգծել է, որ այդուհանդերձ, Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է ինժեներական եւ ամրաշինական աշխատանքները այն տարածքներում, որտեղ իրենց մարտական հենակետերն են՝ առանց հատելու Հայաստանի Հանրապետության սահմանը։ Քանի որ այդ տարածքները եւ այնտեղ ադրբեջանցի զինվորականների շարժը տեսանելի են Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, ինչպես նաեւ Կութ գյուղերից, դա հարուցում է տեղի ազգաբնակչության մտահոգությունը, ինչը եւ արտացոլված է ՄԻՊ-ի զեկույցում։
Նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժում Վարդենիսի տարածաշրջանի Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանն ասել էր, որ ադրբեջանցիները ճանապարհներ ու խրամատներ են կառուցում հայկական տարածքներում: Ադրբեջանը ակտիվացրել է ինժեներական աշխատանքները Հայաստանի վարչական տարածքներում, խրամատներ ու ճամփաներ են սարքում Կութում, Նորաբակում, Վերին Շորժայում։