Լեհաստանաբնակ բելառուս ընդդիմադիրները բողոքի ցույց են կազմակերպել եւ ԵՄ-ից պահանջել նոր՝ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի նկատմամբ:
«Ազգային հակաճգնաժամային կարգավորում» ընդդիմադիր շարժման ղեկավար Պավել Լատուշկան ասել է, որ միայն իրական եւ կոշտ պատժամիջոցները կարող են ազդել Լուկաշենկոյի վրա:
«Չի կարելի սպասել, որ նրա ռեժիմը մի նոր հանցագործություն կատարի, եկել է գործելու ժամանակը»,- հայտարարել է Լատուշկան:
Շարժումը մտադիր է առաջիկա երեք օրերին բողոքի ակցիաներ անցկացնել անցակետերի մոտ եւ սահմանը հատողներին տեղեկացնել Բելառուսում ստեղծված իրավիճակի ու Լուկաշենկոյի ռեժիմի հանցանքների մասին: Առաջին ակցիան Բաբրունիկի-Բերաստավիցա սահմանային անցակետի մոտ է:
Ակտիվիստներն ասել են, որ եթե առաջիկա երեք օրում Եվրամիությունը ազդեցիկ պատժամիջոցներ չգործադրի, նրանք կփակեն սահմանային անցակետեր տանող ճանապարհները:
Ավելի վաղ լեհաբնակ բելառուսները բողոքի ցույց են կազմակերպել եւ պահանջել ազատ արձակել րագրող Ռոման Պրոտասեւիչին ու նրա ընկերուհի Սոֆյա Սապեգային։
Այսօր ուժի մեջ է մտել Եվրոպական միության հունիսի 4-ի որոշումը, որով Բելառուսի ինքնաթիռները չեն կարող մուտք գործել Եվրամիության օդային տարածք:
Եվրոպական միության 27 անդամ-պետությունները պարտավորվել են իրենց տարածքներում մերժել բելառուսական որեւէ օդանավի վայրէջք կամ օդային տարածք մուտք գործելու հայտ:
Բելառուսի ազգային փոխադրողը՝ «Բելավիա» ընկերությունը, հայտնել է, որ ստացել է Մոսկվայի «Շերեմետեւո» օդակայան շաբաթական հինգ չվերթ իրականացնելու թույլտվություն: Բացի դրանից՝ «Բելավիան» կավելացնի շաբաթական չվերթները Ստամբուլ, Բաթում եւ Թբիլիսի:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում հայտարարել է, որ ՌԴ հատուկ ծառայությունները կապ չունեն Ryanair ընկերության Աթենք-Վիլնյուս չվերթի ինքնաթիռին Բելառուսի օդային տարածքում վայրէջք պարտադրելու միջադեպի հետ:
«Ես տեսել եմ ՆԱՏՕ-ի ղեկավարության հայտարարությունը՝ իբր Ռուսաստանը դերակատարություն ունի: Ի՞նչ ասեմ, ՆԱՏՕ-ն շատ վտանգավոր վիճակում է, եթե դրա ղեկավարները ընդունակ են նման բաներ ասել: Այնտեղ ոմն Ռոման Պրոտասեւիչ է հիշատակվում, երբեք նրա մասին չեմ լսել եւ չեմ էլ ուզում լսել, ինչ ուզում է, թող անի, թող պայքարի Լուկաշենկոյի ռեժիմի դեմ»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ասել է Պուտինը: