Այսօր երեկոյան Գեղարքունիքի մարզի սահմանապահ Կութ գյուղում ադրբեջանցի զինվորականները կրակել են հայ հովվի ուղղությամբ, երբ հովիվը ձիով նախիրը փորձել է արոտավայրից գյուղ քշել։ Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ հովիվը չի տուժել, ձին սատկել է, իսկ ադրբեջանցիները մոտ 100 գլուխ անասուն են տարել։
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է այս միջադեպի մանրամասները։
«Կութ գյուղի հովվի անասունների մի մասը գյուղի հարակից տարածքներում արածելու ընթացքում շարժվել է դեպի ադրբեջանցի զինվորականների դիրքեր: Երբ հովիվը անասուններին հետ բերելու նպատակով փորձել է մոտենալ ադրբեջանցի զինծառայողներին, նրա ուղղությամբ կրակ է բացվել»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ ՊՆ-ի` ՀՀ ԶՈՒ ստորաբաժանման զինծառայողներն անմիջապես մոտեցել են միջադեպի տարածք, որից հետո ադրբեջանցի զինծառայողները կրկին կրակ են բացել: Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը դադարեցվել է, և անասունների մեծ մասին հաջողվել է վերադարձնել: Կրակոցներից տուժողներ չկան: