Պարզվում է՝ Հայաստանը վայրի տանձենիների հայրենիքն է: Ավելի ճիշտ՝ հայտնի էր դեռ վաղուց, ուղղակի դրա մասին առավելապես խոսվում էր գիտական միջավայրում: Իսկ այսօր Կենսաբանների հայկական միությունը որոշել է վայրի տանձենիների կարեւորության մասին տեղեկացնել նաեւ հանրությանը:
Վայրի տանձենիների հարցով զբաղվելու համար հիմք են դարձել կենսաբանական գիտությունների թեկնածու, բուսաբան Աննա Ասատրյանի հետազոտությունները: Աննայից տեղեկացանք, որ Հայաստանը, Հայկական բարձրավանդակը հարուստ է վայրի պտղատուների տեսակներով եւ մշակովի բույսերի առաջացման համաշխարհային կենտրոններից մեկն է: Այստեղից մշակովի շատ բույսեր են առաջացել, եւ վայրի տանձենին ներկայում մշակվող տեսակների նախահայրն է, հետեւաբար համաշխարհային մեծ արժեք է ներկայացնում, հատկապես հետագայում նոր տեսակներ ստանալու առումով:
Հայաստանում հանդիպում է վայրի տանձենիների 32 տեսակ, որոնցից տասը գրանցված են ՀՀ բույսերի կարմիր գրքում, 12-ը էնդեմիկ են. հանդիպում են միայն Հայաստանում: Ավելին՝ Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում գրանցված Հայաստանի ֆլորայի 73 տեսակներից տասը հենց վայրի տանձենիներն են:
Կենսաբանների հայկական միությունը առաջնահերթ որոշել է զբաղվել դրանցից հինգի պահպանությամբ, որոնք առավել վտանգված են: Ինչպես տեղեկացանք միության համահիմնադիր, կենսաբան Արսեն Գասպարյանից, նպատակ ունեն ապահովելու Հայաստանի էնդեմիկ հինգ տեսակների պահպանությունն իրենց աճելավայրերում եւ նպաստելու դրանց պոպուլյացիաների կենսունակության բարձրացմանը՝ դրանցում առանձնյակների թվի առնվազն 30 %-ով ավելացման միջոցով։
Վայրի տանձենիների տեսակները, որոնք առաջացել են բնական խաչասերման արդյունքում, համատարած տարածում չունեն, հանդիպում են առանձնյակներով. քանակը քիչ է բնության մեջ, ուստի եթե որեւէ առանձնյակի տարածքում հրդեհ բռնկվի, ապա մեծ է վտանգը դրանք ընդհանրապես կորցնելու:
Հենց այս հանգամանքն է նաեւ հիմք հանդիսացել, որ վայրի տանձենիների պահապաններն առաջնահերթ, «Հայանտառի» հետ համագործակցութամբ իրականացնեն սերմերի հավաք, պահ տան դրանք ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի սերմերի բանկին: Ինստիտուտում նաեւ կրթական-ցուցադրական տնկարան է ստեղծվել՝ սերմերից միջազգային գիտահեն մեթոդաբանությամբ տնկիներ ստանալու եւ դրանք տեսակի բնական աճելավայրեր վերադարձնելու նպատակով:
Այս գործողությունների համար Կենսաբանների հայկական միությունն աջակցություն է ստացել «Ֆրանկլինիա» հիմնադրամից: Ինչպես նշեց ծրագրի ղեկավար Արեգ Կարապետյանը, ամենուր ներկայացնել հայկական ծիրանն ու չխոսել տանձենու մասին «անարդար է»:
Տանձենիների պահպանությունն իրականացվելու է հիմնականում տնամերձ տնկարանների հիմնման եւ «Տանձենու պահապաններ» նախաձեռնության միջոցով: Նպատակն է ներգրավել տեղաբնակներին բնապահպանական միջոցառումներում, բարձրացնել հանրային իրազեկման մակարդակը Հայաստանում հանդիպող վայրի տանձենիների բազմազանության եւ դրանց պահպանման կարեւորության վերաբերյալ:
Վտանգված 5 տեսակների տնկանյութի աճեցման համար Վայոց ձորում ստեղծվել է «Արտավան» բնապահպանական տնկարանը։ Ստեղծվում են նաեւ տնամերձ փոքր տնկարաններ, որոնք կապահովեն տեղացիների մասնակցությունը անտառվերականգնման գործընթացին, լրացուցիչ եկամտի աղբյուր կդառնան նրանց համար: Տանձենիներից զատ նրանք կարող են անտառվերականգնման համար անհրաժեշտ այլ տեսակների, ինչպես նաեւ մեծ պահանջարկ ունեցող պտղատու ու գեղազարդ տեսակների վաճառքի ենթակա տնկիներ արտադրել:
Ծրագրի շրջանակում առանձնացվել են այն վայրերը, որոնք կարեւոր են պահպանության տեսանկյունից: Այդ լանդշաֆտները Վայոց ձորի մարզի Եղեգիս, Ջերմուկ եւ Զառիթափ խոշորացված համայնքների վարչական սահմաններում են, սակայն վայրի տանձենիների արեալներ կան նաեւ Սյունիքի մարզում, Շիկահողի արգելոցում:
Վայրի տանձենիներից յուրահատուկ թթու է ստացվում, օգտագործում են կոմպոտ, չիր, հյութ, օղի ստանալու կամ խոզերին կերակրելու համար: Ինչպես տեղեկացանք վայրի տանձենիների գիտակ Աննա Ասատրյանից, վայրի տեսակներից շատ քչերի պտղամիսն է պիտանի ուտելու համար, դրանք ավելի շուտ կարեւոր սնունդ են վայրի կենդանական աշխարհի՝ թռչունների, վայրի խոզերի ու արջերի համար, որոնք էլ իրենց հերթին նպաստում են դրանց բնական վերարտադրությանը: Առավել արժեքավոր է դրանց գենետիկական բազմազանությունը, ինչը կարող է հիմք դառնալ մշակովի նոր տեսակների ստացման համար:
Ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի համար կարեւոր այս ծառատեսակները հանդիպում են բնակավայրերի մոտակայքում, գյուղ տանող ճանապարհների եզրերին, անտառների բացատներում: Սակայն տեղաբնակները տեղյակ չեն, թե համաշխարհային մասշտաբով ինչ կարեւոր գենոֆոնդ ունեն իրենց միջավայրում: Այսուհետ նրանք հնարավորություն կունենան ոչ միայն ճանաչելու ու նորովի արժեւորելու իրենց հարստությունը, այլեւ վայրի տանձենիների պահապանների հետ համագործակցությամբ մասնակցելու հասուն ծառերի վիճակի ու վերարտադրության մշտադիտարկման գործընթացին՝ կարեւոր այս ռեսուրսը փրկելու համար:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։