Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի որոշմամբ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանը եւ Գագիկ Ղալաչյանն ազատվել են արտաքին գործերի նախարարի տեղակալների պաշտոնից:
Ըստ ՀՀ ԱԳՆ լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչության՝ ԱԳ բոլոր փոխնախարարները՝ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանը եւ Արմեն Ղեւոնդյանը, աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել: Դիմումներն անցյալ շաբաթ համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ:
«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմամբ Արմեն Ղեւոնդյանին աշխատանքից ազատման որոշում կառավարության էլեկտրոնային կառավարման կայքէջում չկա:
Մայիսի 27-ին արտգործնախարարի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել Արա Այվազյանը: Մայիսի 31-ին հայտնի դարձավ, որ 4 օր առաջ՝ նույն մայիսի 27-ին, հրաժարական էր ներկայացրել նաեւ Այվազյանի տեղակալներից Գագիկ Ղալաչյանը:
Նշենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արձակուրդում է, նրան փոխարինում է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: