ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն խիստ մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային սահմանների երկայնքով տեղի ունեցող վերջին զարգացումներով, այդ թվում Ադրբեջանի զինված ուժերի կողմից վեց հայ զինվորների գերեվարմամբ եւ ականային պայթյունի հետեւանքով ադրբեջանցի երկու լրագրողի մահվամբ:
Ռիքերը շեշտել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը շատ մարդկանց կյանք է խլել, եւ ԱՄՆ-ն մտահոգված է, որ սահմանային իրավիճակը կարող է ավելի լարվել:
«Կողմերին այս միջադեպերը հրատապ ու խաղաղ կերպով լուծելու կոչ ենք անում: Միացյալ Նահանգները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային սահմանի չսահմանագծված հատվածներում ցանկացած շարժ սադրիչ եւ ոչ անհրաժեշտ է համարում: Մերժում ենք սահմանազատման համար ուժի կիրառումն ու կողմերին կոչ ենք անում վերադառնալու նախկին դիրքեր, դադարեցնելու չսահմանագծված սահմանի ռազմական ամրացումներն ու ականապատումները»,- հայտարարել է ամերիկացի պաշտոնյան Բաքվում լրատվամիջոցների հետ ճեպազրույցում:
Ռիքերն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կողմերին կոչ է անում հնարավորինս շուտ վերադառնալու առարկայական բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է աշխատանքը միջազգային հումանիտար կազմակերպությունների, ինչպես նաեւ ԱՄՆ դաշնակիցների ու գործընկերների հետ՝ հանուն տարածաշրջանային կարիքների ապահովման:
«Միայն հակամարտության խաղաղ կարգավորման միջոցով են հնարավոր Հարավային Կովկասի ժողովուրդների իրական բարգավաճումն ու բարօրությունը»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը: