Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Օնտարիո նահանգի Լոնդոն քաղաքում մահմեդական ընտանիքի անդամների դեմ կատարած վրաերթը ահաբեկչական գործողություն է որակել։
Ոստիկանության տվյալներով՝ մայթով քայլող ընտանիքի հինգ անդամներին վրաերթի ենթարկած կիսաբեռնատար սեւ պիկապ մեքենայի 20-ամյա վարորդը միջադեպից քիչ անց հայտնաբերվել եւ ձերբակալվել է։ Վրաերթի հետեւանքով ընտանիքի 4 անդամ զոհվել է:
Վրաերթ կատարած վարորդին մեղադրանք է առաջադրվել սպանություններ եւ սպանության մեկ փորձ կատարելու հոդվածներով, թեեւ մահմեդական համայնքի մի շարք առաջնորդներ դատարանին հորդորել են միջադեպը գնահատել իբրեւ ահաբեկչություն։
«Դա դժբախտ պատահար չէ, այլ ահաբեկչական գործողություն, որի շարժառիթը ատելությունն է»,- խորհրդարանում հայտարարել է Կանադայի վարչապետը։