ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սենատում արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է ուսումնասիրել Ադրբեջանին տարատեսակ օգնություն, այդ թվում՝ ռազմական աջակցություն տրամադրելու հետագա նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով ԼՂ-ի շուրջ հակամարտության գոտում լարվածության պահպանումը:
Հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ հիասթափված է ԱՄՆ-ի ղեկավարության՝ բացառության կարգով Ադրբեջանի կառավարությանը նաեւ ռազմական օգնություն տրամադրելու որոշումից:
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Պետդեպարտամենտը դեռեւս ուսումնասիրում է այդ հարցը՝ հատկապես գերիների վերադարձի եւ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների շրջանակում:
Հիշեցնենք` 2021-ի մայիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկարացրեց «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացման կասեցումը, որով թույլատրվում է ԱՄՆ-ի ուղիղ ռազմական օգնությունն Ադրբեջանին։
1992-ին ԱՄՆ Կոնգրեսի ընդունած 907-րդ լրացումը մարդասիրական աջակցությունից բացի սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը:
Լրացումը ենթադրում է, որ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Ադրբեջանի կառավարությանն աջակցություն տրամադրելուց, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի եւ Արցախի դեմ շրջափակումները եւ ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ: