Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը խորհրդարանում հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է դպրոցական ուսուցումն էստոներենի փոխել 2035 թվականից ոչ ուշ՝ պատասխանելով պատգամավորների՝ ռուսալեզու կրթությունն էստոներենի փոխելուն վերաբերող հարցերին:
Կալլասը նշել է, որ էստոներենով դպրոցական կրթությունն ապահովում է երեխաների եւ երիտասարդության հաղորդակցումը էստոնական մշակութային արժեքներին, յուրաքանչյուրին հավասար հնարավորություն տալիս՝ մասնակցելու հասարակական ու աշխատանքային կյանքին եւ ուսումը շարունակելու կրթության հաջորդ մակարդակում:
Էստոնիայի վարչապետն ասել է, որ կրթության եւ գիտության նախարարությանը հանձնարարել է էստոնալեզու ուսուցման ոլորտում գործողությունների ծրագիր կազմել, ինչը կարելի է պետական լեզվով կրթության անցնելու նախապատրաստություն համարել:
Ներկայում Էստոնիայի ռուսալեզու դպրոցների գիմնազիական դասարաններում ուսուցման 60 տոկոսը իրագործվում է պետական՝ էստոներեն, իսկ մնացածը՝ ռուսաց լեզվով: