Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սովորեն ապրել որպես լավ հարեւաններ:
«Արյունահեղությունն ավարտվեց ավելի ուշ, քան մենք էինք առաջարկել կողմերին, եւ մեր մեղքը չէ, որ պատերազմը թույլատրելիից ավելի ձգձգվեց։ Խաղաղությունը հնարավորից ուշ հաստատվեց։ Մենք ընդամենը միջնորդներ էինք ու չէինք կարող կողմերին ստիպել: Կարող էինք միայն համոզել, որ հետագա արյունահեղությունն անիմաստ է ու ծայրահեղ վտանգավոր. ի վերջո այս հողում մարդիկ են ապրելու, չէ՞»,- նկատել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Լավրովը միեւնույն ժամանակ խորհուրդ է տվել Երեւանից եւ Բաքվից հնչող հայտարարություններին ուշադրություն դարձնելու փոխարեն ջանքեր գործադրել շարքային մարդկանց կյանքը բարելավելու ուղղությամբ։
Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա սահմանային հակամարտություններին, դրանք, ըստ Ռուսաստանի արտգործնախարարի, որևէ առնչություն չունեն Արցախի հետ, որտեղ ռուս խաղաղապահների շնորհիվ խոշոր միջադեպեր չեն եղել, իսկ առանձին մանր պատահարներն արագ կարգավորվում են:
Լավրովը նաեւ նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցության ուղիների բացմամբ շահագրգռված են ոչ միայն այդ երկու պետությունները, այլ նաեւ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը, որոնց կարծիքը նույնպես պետք է հաշվի առնվի բանակցային գործընթացում։