Թուրքիան առաջարկել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի եւ ՆԱՏՕ անդամ մյուս երկրների ուժերի դուրսբերումից հետո զորք ուղարկել այդ երկիր՝ պաշտպանելու եւ գործարկելու Քաբուլի միջազգային օդանավակայանը: Բրիտանական Reuters գործակալությունը՝ հղում անելով թուրքական եւ ամերիկյան իր աղբյուրներին, նշել է, որ ամերիկացի պաշտոնյաները ողջունել են Թուրքիայի առաջարկը՝ համարելով, որ այս քայլը կարող է մեղմացնել թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները:
Ավելի վաղ թուրք պաշտոնյաները հայտարարել էին, որ Անկարան նման առաջարկով հանդես է եկել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, երբ ԱՄՆ-ն եւ նրա գործընկերները համաձայնության էին եկել մինչեւ սեպտեմբերի 11-ը Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման ծրագրի շուրջ:
«Աֆղանստանում մեր մնալը կախված է քաղաքական, ֆինանսական ու լոգիստիկ աջակցությունից: Այս պայմանների կատարման դեպքում մենք կմնանք Քաբուլի միջազգային օդանավակայանում»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: